- Գլխավոր
- Նորություններ
- «ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հուլիս 19, 2018 | 12:58
Կրթություն
«ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Հուլիսի 18-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացների փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցներն ու կամավորները վկայագրեր ստացան:
Հիշեցնենք, որ արդեն 10 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների 7-ից 9 տարեկան երեխաների համար կազմակերպում է ռուսերենի դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը կազմված է հիմնականում խաղային մեթոդաբանության վրա: Դասընթացների մեկնարկը տրվել էր հունիսի 18-ին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը նշեց, որ առաջին և երկրորդ դասարանցիների համար նախատեսված ծրագրի նպատակն այն էր, որ երեխաները սիրեն ռուսերենը և կարողանան հաղթահարել այդ լեզվով հաղորդակցվելու բարդույթը:
«Մեր կենտրոնում ստեղծված ջերմ մթնոլորտի, զվարճալի առաջադրանքների և խաղերի, մուլտֆիլմների և հեքիաթների շնորհիվ երեխաները հայտնվում են ռուսական լեզվական միջավայրում: Դասերի ընթացքում երեխաները խոսում են ռուսերեն, շփվում են միմյանց հետ, մենք անհատական վերաբերմունք և ուշադրության ենք ցուցաբերում յուրաքանչյուր երեխա նկատմամբ»,- հավելեց Ա. Ներսիսյանը:
Ավելացնենք, որ ծրագրում որպես կամավորներ ընդգրկված էին նաև դասընթացի նախորդ տարիների մասնակիցները: Փոքրիկ կամավորներ Ալիսայի, Իրինայի և Էլենի աշխատանքները համակարգում էր կենտրոնի ակտիվիստ, Ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը:
«Կամավորները, ովքեր նախորդ տարիներին հաճախել էին ամառային դասընթացներին, մեծ պատասխանատվությամբ օգնում էին երեխաներին հաղթահարելու լեզվական արգելքը»,- ասաց ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրենը: