- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիս 20, 2018 | 16:57
Կրթություն
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
Միջոցառման ընթացքում ծրագրին մասնակից ուսանողները ստացան վկայականներ, իսկ 10 ուսանողներ հնարավորություն ստացան անվճար ուսանել մագիստրատուրայում և կյանքի կոչել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարարական ծրագրերը:
«Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագիրը մեկնարկել էր 2018 թ-ի փետրվար ամսին: Ծրագրի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն էր Սոցիոլոգիայի ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներին ներկայացնել, ինչպես նաև իրազեկել ծրագրի մասին:
Այս ֆակուլտետների բակալավրիատի ավարտական 4-րդ կուրսի շուրջ 20 մարզաբնակ ուսանողներ մասնակցեցին ծրագրերի մշակման և իրականացման խնդիրներին նվիրված դասընթացներին: Ուսանողները մշակեցին համայնքային զարգացման ծրագրեր, և գնահատման արդյունքում 10 լավագույն ծրագրերի հեղինակներին մագիստրատուրայում ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ընձեռվեց։
«Սկզբում նախատեսված էր, որ հաղթողները պետք է 8-ը լինեին, սակայն ի վերջո հաղթողների թիվը դարձավ 10-ը՝ պայմանավորված ուսանողների կողմից մշակած զարգացման ծրագրերի արդիականությամբ: Ուսանողներն առաջարկում էին առողջապահությանը, գյուղատնտեսության ոլորտներին, ջրամատակարարմանը վերաբերվող ծրագրեր: Դրանք իրականանալի ծրագրեր էին, ուսանողները շատ մանրամասն ուսումնասիրել էին իրենց համայնքների խնդիրները»,- ասաց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանը:
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամն աջակցելու է առավել արդյունավետ ծրագրերի իրականացմանը։ Ուսանողների մշակած համայնքային զարգացման ծրագրերը հետագայում կարող են հիմք դառնալ մագիստրոսական թեզերի համար: Դասընթացների արդյունքում ուսանողները ձեռք բերեցին ներկայացման, ֆինանսավորման առանձնահատկությունների հետ կապված հմտություններ:
Խիստ կարևոր էր, որ ծրագրի մասնակիցները մարզաբնակ ուսանողներ էին, ովքեր ուսումը մագիստրատուրայում շարունակելու և իրենց համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն ստացան: Մասնակցության համար ընտրվում էին սոցիալական որևէ խմբի պատկանող ուսանողներ:
Իսկ ծրագրի վերջնական փուլը չհաղթահարած 5 ուսանողները պարգևատրվեցին պլանշետներով:
«Մենք երկար ժամանակ է համագործակցում ենք «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի հետ: Այս ծրագրի համակարգումը, տեղեկատվության տարածումը և ուսանողների հավաքագրումն իրականացրեց Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, իսկ հմտություններ զարգացնող դասընթացները կազմակերպեց հիմնադրամը»,- հավելեց Արմինե Հաջաթյանը:
Նա նշեց, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացնում, և այս ծրագրի նպատակներից էր վերհանել մարզերում առկա խնդիրները հենց մարզաբնակ ուսանողների միջոցով:
Մարի Ռաֆյան