- Գլխավոր
- Նորություններ
- ՖՐԱՆՍԱԽՈՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 2019-2020 ԹԹ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԸ
Մայիս 02, 2019 | 13:59
Կրթություն
ՖՐԱՆՍԱԽՈՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ 2019-2020 ԹԹ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ, Ֆրանսիայի համալսարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության հարցերի կցորդ Շարլոտ Վենեման ներկայացրեց 2019-2020 թթ. ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ:
Բանախոսը նախ ներկայացրեց Ֆրանսիայում բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող «Campus France»-ի ծրագրերը:
«Իմ նպատակն է ֆրանսախոս հայ ուսանողներին ներկայացնել Ֆրանսիայում սովորելու հնարավորությունները՝ Ֆրանսիայի բարձրագույն կրթության համակարգը, բուհերի կրթական ծրագրերը»,- ասաց նա:
Շարլոտ Վենեման ներկայացրեց, թե ինչպես հայ ուսանողները կարող են դիմել Ֆրանսիայի տարբեր համալսարաններ ուսումը շարունակելու նպատակով, դրանից բացի՝ ուսանողներին խորհուրդներ տվեց, թե ինչպես համացանցում գտնել տարբեր կրթաթոշակներ և ստանալ ուսանողական վիզա՝ ֆրանսիական բուհերում սովորելու համար:
Ըստ բանախոսի՝ հայ ուսանողներն ավելի հաճախ սովորելու են մեկնում Ռուսաստան և Ֆրանսիա: «Ֆրանսիացի դասախոսները միշտ շատ լավ կարծիք են ունենում հայ ուսանողների մասին՝ նշելով, որ նրանք ուսման մեջ շատ արագ են առաջընթաց գրանցում և բավականին լուրջ են տրամադրված կրթության հանդեպ»,- նշեց նա և հավելեց,- «առնչվելով տարբեր բուհերի հայ ուսանողների հետ՝ ես զարմացած եմ, թե ինչպես կարելի է, Ֆրանսիայում չսովորելով, ֆրանսերենի իմացության նման բարձր մակարդակ ունենալ»:
Շարլոտ Վենեման հայտնեց, որ 2019-2020 թթ. ֆրանսիական կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակները ներկայացնելու է նաև Հայաստանի այլ բուհերում:
Հանդիպման վերջում նա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Նադեժդա Տեր-Աբրահամյան