- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ
Մարտ 19, 2019 | 15:27
Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՆՄԱՆԱԲՆՈՒՅԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոսական կազմն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 94, 170, 65, 195, 139, 182 ավագ դպրոցների աշակերտներին:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մաթեմատիկական անալիզի և ֆունկցիանների տեսության ամբիոնի դոցենտ Սպարտակ Ռաֆայելյանն ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի կրթական ծրագրերը:
Նրա խոսքով, բուհ-դպրոց համագործակցությունը շատ արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ կդառնա, որ հանդիպումները նույն դպրոցի աշակերտների հետ պարբերաբար կազմակերպվեն: «Դպրոցներում «Մաթեմատիկա» առարկայից շատ թեմաներ խորացված չեն անցնում, իսկ նմանօրինակ հանդիպումների ընթացքում աշակերտներն ավելի մանրակրկիտ ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները: Աշակերտը, մտնելով համալսարան, ոգևորվում է, շփվում դասախոսական կազմի հետ և տպավորված տուն է գնում: Նրա մասնագիտության ընտրության հարցում այս հանդիպումները կարող են մեծ ազդեցություն ունենան»,- հավելեց Սպարտակ Ռաֆայելյանը:
Ըստ Սպարտակ Ռաֆայելյանի՝ դպրոցներից նախապես ուղարկում են այն թեմաները, որոնց մասին ցանկանում են դասախոսություն լսել, մենք էլ այն կազմակերպում ենք:
«Այսօրվա իմ դասախոսությունը վերաբերում է ցուցչային լոգարիթմական ֆունկցիաներին և հատկություններին: Համալսարանում կազմակերպվող նմանաբնույթ հանդիպումները նպաստում են աշակերտների մտածելակերպի ընդլայնմանը»,- հավելեց ԵՊՀ դոցենտը:
Կարևորելով բուհ-դպրոց համագործակցությունը՝ հանդիպմանը ներկա «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչների կարծիքով, անհրաժեշտ է, որ հանդիպումները պարբերական բնույթ ունենան և շատ ողջունելի է, որ ուսանողները մասնակցում են ոչ միայն դասախոսություններին, այլև շրջում են բուհում և ծանոթանում միջավայրին: Աշակերտները, գալով բուհ, ավելի խորքային տեղեկատվություն են ստանում համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի մասին:
Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան