- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԵՊՀ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՏԱՐԲԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԵՐՈՎ
Մարտ 21, 2019 | 16:57
Կրթություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԵՊՀ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ՏԱՐԲԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԵՐՈՎ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 148, 29 և 16 ավագ դպրոցների աշակերտներին:
Ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները նախ ֆակուլտետում շրջայց կազմակերպեցին աշակերտների համար, ծանոթացրին ֆակուլտետի կրթական ծրագրերին և լաբորատորիաների գործունեությանը:
Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դասախոս Համլետ Բադալյանը Մեխանիկայի և մոլեկուլային ֆիզիկայի լաբորատորիայում դպրոցականներին ներկայացրեց նոր սարքավորումները և դրանց հնարավորությունները, աշակերտներին հնարավորություն տվեց մասնակցելու տարբեր լաբորատոր փորձերի: Լաբորատոր փորձերին զուգահեռ ԵՊՀ դասախոսը ներկայացրեց նաև դրանց վերաբերող տեսությունը:
«Փորձերի ընթացքում աշակերտները ձեռք են բերում նոր գիտելիքներ, ծանոթանում են մոդելավորման նոր մեթոդների և լսում տարբեր դասախոսություններ իրենց հետաքրքրող թեմայի վերաբերյալ»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Բադալյանը:
Թիվ 148 և 29 ավագ դպրոցների «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Գոհար Մարտիրոսյանը նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են, որ աշակերտները դպրոցում ստացած իրենց տեսական գիտելիքներն ամրապնդեն տարբեր լաբորատոր փորձերով: «Այսօր դպրոցները չունեն լաբորատոր սարքավորումների բավարար բազա, որպեսզի փորձերը լիարժեք անցկացնենք, այս այցերը հրաշալի հնարավորություն են լաբորատոր փորձերի բացերը լրացնելու համար: Առաջիկայում մենք դպրոցում կազմակերպելու ենք մեխանիկական տատանումների և ձայնային ալիքների վերաբերյալ բաց դաս, այդ պատճառով ողջունելի է, որ աշակերտները Մեխանիկայի և մոլեկուլային ֆիզիկայի լաբորատորիայում լաբորատոր փորձերի մասնակցեն այս թեմայի մասին»,- ասաց նա:
Խոսելով բուհ-դպրոց համագործակցության կարևորության մասին՝ թիվ 29 ավագ դպրոցի 10-րդ դասարանի դասղեկ Լուսինե Գռզիկյանը նշեց, որ դասախոսների հետ շփումը, բուհի կրթական ծրագրերին ծանոթանալը նպաստում են, որպեսզի աշակերտներն իրենց մասնագիտության ընտրությունն ավելի հեշտ կատարեն:
Նշենք, որ աշակերտների այցերը ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան