- Գլխավոր
- Նորություններ
- ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 07, 2019 | 16:02
Կրթություն
ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, ծանոթացան ֆակուլտետի պատմությանը և կրթական ծրագրերին:
Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:
Աշակերտները շրջայց կատարեցին Կենսաբանության ֆակուլտետի մի քանի լաբորատորիաներում և ծանոթացան ժամանակակից սարքավորումների աշխատանքին:
Նրանց դիմավորեց Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ասիստենտ Նարինե Զաքարյանը, որն աշակերտներին բացատրեց տարբեր բույսերի անատոմիական կառուցվածքը: Աշակերտներին ամբիոնի ասիստենտը բաժանեց տարբեր պատրաստուկներ: Նրանք մանրադիտակով ուսումնասիրեցին ցողունի, տերևի և արմատի անատոմիական կառուցվածքը:
Ն. Զաքարյանի խոսքով, աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցում գործնական աշխատանքներին, մասնավորապես մեծ սիրով կատարում են մանրադիտակով ուսումնասիրություններ, քանի որ ոչ բոլոր դպրոցներն ունեն այսօրինակ մանրադիտակներ:
Ըստ նրա, այս այցերի արդյունքում աշակերտների մոտ մեծանում է «Կենսաբանություն» առարկայի նկատմամբ հետաքրքրությունը. «Լինում են դեպքեր, երբ նույն դպրոցի աշակերտները մի քանի անգամ են այցելում են մեր ֆակուլտետ՝ իրենց հետաքրքրող լաբորատոր աշխատանքներ կատարելու համար»:
«Հերացի» ավագ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ռուբինա Հարոյանը նշեց, որ ավագ դպրոցի կայացման պայմաններից է բուհ-դպրոց համագործակցությունը. «Այսպիսի այցերը նպաստում են տարբեր միջազգային մրցույթներում լավագույնս ներկայացնել Հայաստանի գիտական ներուժը, ինչպես նաև խթանում են աշակերտների ստեղծարար մտածողությունը»:
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Սոֆի Էլիզբարյանն ասաց, որ նմանօրինակ այցերն օգնում են էլ ավելի մանրամասն ծանոթանալու բուհի կրթական ծրագրերին և նորագույն սարքավորումներին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան