- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐՑԱԽԸ ԿԱ, ԿԱ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
Սեպտեմբեր 02, 2021 | 16:44
Հասարակություն
«ԱՐՑԱԽԸ ԿԱ, ԿԱ ՆԱԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի նոր՝ 2021 թ. 2-րդ (9-րդ) համարի քննարկումը:
ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ պարբերականի նոր համարի քննարկումը կազմակերպվում է ԵՊՀ-ում, որին մասնակցում են խմբագրական խորհրդի անդամները և հոդվածագիրները:
Այսօրվա հանդիպման մեկնարկին «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ ու «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց պետականության բոլոր ժամանակաշրջաններում զոհված և իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:
Ավետիք Հարությունյանը նշեց, որ «Գիտական Արցախ» պարբերականի նոր համարը լույս է տեսել մեկ ամիս առաջ, սակայն որոշում է կայացվել քննարկումն անցկացնել սեպտեմբերի 2-ին՝ ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի:
«Բոլորիս շնորհավորում եմ այս հիշարժան տոնի կապակցությամբ: Արցախում բազմաթիվ հաղթանակներ են կերտվել: Իհարկե, 2020 թ. ունեցանք ժամանակավոր անհաջողություններ, բայց համոզված եմ՝ յուրաքանչյուրս, աշխատելով մեր խրամատներում, կկարողանանք անել ավելին՝ ավելին ունենալու համար»,- ասաց Ավետիք Հարությունյանը:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Գարիկ Քեռյանը, շնորհավորելով տոնի առթիվ, փաստեց, որ խորհրդանշական է պարբերականի նոր համարի ներկայացումը, քանի որ այն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում կատարում է իր հստակ և հաստատուն քայլերը:
Նա նշեց, որ նոր համարը որակապես մեկ քայլ առաջ է նախորդ համարից. «Պարբերականն էական ներդրում ունի ատենախոսությունների պաշտպանության գործում, քանի որ հնարավորություն է ընձեռում երիտասարդ գիտնականներին ներկայացնելու իրենց հետազոտությունների արդյունքները»:
Ավետիք Հարությունյանը տեղեկացրեց, որ պարբերականի նոր համարում տեղ գտած հոդվածները տպագրվել են՝ համաձայն «Scopus» համակարգի տեխնիկական պահանջների, իսկ բովանդակային տեսանկյունից՝ դրանք անցել են գրախոսության փուլով և տպագրվել միայն դրական եզրակացությունից հետո:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ պարբերականը՝ որպես ինստիտուտ, ոչ միայն կայացել է, այլև շարունակական զարգացում է ապրում:
Հանդիպում-քննարկմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը, շնորհավորելով տոնի առթիվ, առաջարկեց ներկայացնել այն լավագույն հոդվածները, որոնք պետք է հասանելի դարձնել առավել լայն հանրությանը, մասնավորապես չինացիներին և կորեացիներին՝ խոստանալով դրանք թարգմանել և տպագրել:
Արթուր Իսրայելյանը փաստեց, որ անցյալ տարի եղել է նախադեպ, երբ նախորդ հոդվածագիրների 5 հոդված թարգմանվել է և տպագրվել հեղինակավոր բուհի ժողովածուում:
Պարբերականի խմբագրական խորհրդի ներկա անդամներն ու հոդվածագիրները հանդիպման ընթացքում հանդես եկան շնորհավորական ուղերձներով և ընդգծեցին գիտական հանդեսի կարևորությունը: Նրանք նաև մասնագիտական խորհուրդներ տվեցին՝ «Գիտական Արցախ» պարբերականն առավել կատարելագործելու և ճանաչելի դարձնելու համար:
«Գիտական Արցախ» պարբերականի նոր համարի հոդվածագիրներից է նաև ԱԺ պատգամավոր, ԵՊՀ ասպիրանտ Աննա Մկրտչյանը, որի հոդվածը վերաբերում է սեփականության իրավունքի պաշտպանության և իրավունքների ինքնապաշտպանության փոխհարաբերակցությանը:
Հոդվածագիրն այսօրվա քննարկման ժամանակ, շնորհավորելով հայկական երկրորդ պետականության անկախության տոնի առթիվ, հույս հայտնեց, որ այնուամենայնիվ հայկական երկու պետականությունների անվտանգության, միասնականության և լիարժեք ինքնիշխանության ժամանակահատվածի վերականգնումը բոլորը տեսնելու են:
Նա շնորհակալություն հայտնեց պարբերականի գոյության, խմբագիրների և գրախոսների աշխատանքի համար, ապա հույս հայտնեց, որ հոդվածագիրները, խմբագրական կազմի ներկայացուցիչներն այնպիսի միության մի մասը կլինեն, որտեղ տարակարծություններ չեն լինի պետականությունների անվտանգության ու ինքնիշխանության համար ամեն ինչ անելու գործում:
«Գիտական Արցախ» պարբերականի նոր համարում տպագրվել են 24 հեղինակների 22 հոդված և մեկ գրախոսություն: Հեղինակներից 4-ն ունեն դոկտորի գիտական աստիճան, 4-ը գիտությունների թեկնածուներ են, 15-ը՝ ասպիրանտ և հայցորդ ու մեկը՝ մասնագետ: Հոդվածագիրները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Քնար Միսակյան