- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
Հունիս 25, 2019 | 13:15
Գիտություն
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամների ու հոդվածագիրների հետ հանդիպում-քննարկումը:
ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում:
Պարբերականի նոր համարում տեղ են գտել ՀՀ-ն, Արցախի Հանրապետությունը, Բելառուսը, Իրանը, Լեհաստանը, Շվեյցարիան և Ռուսաստանը ներկայացնող 50 անվանի և երիտասարդ գիտնականների աշխատանքները՝ հասարակական գիտությունների արդի հիմնախնդիրների վերաբերյալ:
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Հարությունյանը փաստեց, որ պարբերականում տեղ գտած 47 աշխատանքներից 45-ը գիտական հոդվածներ են, իսկ 2-ը՝ գրախոսություններ. «Հոդվածագիրներից 8-ը գիտությունների դոկտորներ են, 13-ը՝ թեկնածուներ, 23-ն ասպիրանտներ և հայցորդներ են»:
««Գիտական Արցախ» պարբերականը ոչ միայն գիտական նկրտումներ ունի, այլև գիտական դիվանագիտությունը հայկական իրականության մեջ ձևավորելու և զարգացնելու նպատակ»,- ասաց Ավետիք Հարությունյանը:
Հանդիպում-քննարկմանը ներկա էին պարբերականի խմբագրական խորհրդի անդամներ և հոդվածագիրներ, որոնք հանդես եկան շնորհավորական ուղերձներով և ընդգծեցին գիտական հանդեսի կարևորությունը:
Նրանք նաև մասնագիտական խորհուրդներ տվեցին՝ «Գիտական Արցախ» պարբերականն առավել կատարելագործելու և ճանաչելի դարձնելու համար: Մասնավորապես հնչեցին առաջարկություններ հոդվածները ռուսերեն և անգլերեն թարգմանելու, հրատարակման պարբերականությունն ավելի հաճախակի դարձնելու, հոդվածներն ըստ գիտական խորագրերի դասակարգելու վերաբերյալ և այլն, որոնք Ավետիք Հարությունյանն ընդունեց ի գիտություն և ասաց, որ ամեն ինչ կանեն՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:
Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, որը նույնպես շնորհավորեց հեղինակներին և «Գիտական Արցախ»-ին անխախտ պարբերականություն մաղթեց:
Հանդիպման ավարտին ներկաները ստացան պարբերականի իրենց օրինակները:
Քնար Միսակյան