- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
Ապրիլ 29, 2019 | 15:42
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Դավիթ Ղարիբյանն ապրիլի 26-ին մասնակցել է գիտական հոդվածների միջհամալսարանական մրցույթին, որտեղ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
«Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ-2019» մրցույթն իրականացվել է «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ների նախաձեռնությամբ ու ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցույթի նպատակն էր իրավական պաշտպանության ոլորտում հեռանկարային ուղղությունների բացահայտումը և թվային միջավայրում իրավունքի պաշտպանությունը, երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումն իրավունքի պաշտպանության և թվային միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտում, ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների գիտահետազոտական գործունեության խթանումը:
Մրցույթը բաղկացած է եղել երկու փուլից՝ գրավոր և բանավոր: Դավիթ Ղարիբյանը «Բարեխիղճ օգտագործման ինստիտուտի անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագրով հոդվածով նախևառաջ հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլը, ապա լավագույնս հանդես եկել բանավոր փուլում:
«Ժյուրիի անդամների կազմում ոլորտի տասը պրոֆեսիոնալ մասնագետներ էին, որոնց որոշմամբ, ես գրավեցի առաջին հորիզոնականը: Գնահատվել են և՛ հոդվածը, և՛ զեկուցումը ներկայացնելու հմտությունները»,- մեզ հետ զրույցում պատմեց Դավիթ Ղարիբյանը:
Նա տեղեկացրեց, որ հեղինակային իրավունքով պաշտպանված օբյեկտներն այսօր ամենուր են մեզ շրջապատող աշխարհում, և դրանք կարիք ունեն պատշաճ պաշտպանության. «Անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքն ինքնին բացարձակ իրավունք չէ, և հաճախ պետք է լինում սահմանափակել այդ իրավունքը։ Յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հեղինակային իրավունքի նպատակն է զարգացնել արվեստը և գիտությունը, ինչպես նաև նպաստել հասարակության մտավոր հարստացմանը: Բացի դրանից՝ հեղինակային իրավունքի չոր մեկնաբանումը, ինչպես նաև դրան բացարձակ բնույթով օժտելը կխոչընդոտեն բուն ստեղծագործականությանն ու հասարակության մտավոր հարստացման նպատակին»։
Դավիթը գտնում է, որ ՀՀ-ում հեղինակային իրավունքի զարգացման և դրա նպատակ համարվող հասարակության մտավոր հարստացման ապահովման տեսանկյունից նպատակահարմար է կիրառել հենց բարեխիղճ օգտագործման ինստիտուտը՝ որպես սահմանափակում, այլ ոչ թե ազատ օգտագործումը։
«Շնորհիվ իր ճկունության՝ բարեխիղճ օգտագործումն ավելի կնպաստի նոր ստեղծագործությունների արարմանը, որոնք իրենց գոյությամբ կհարստացնեն մեր հասարակությունը և միաժամանակ չեն խախտի առաջին հեղինակների իրավունքները՝ առաջացնելով դրանից բխող անբարենպաստ հետևանքներ։ Բարեխիղճ օգտագործումը, ի տարբերություն ազատ օգտագործման, չունի անհարկի չոր սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեին այս նպատակին հասնելուն։ Միևնույն ժամանակ այն իր ուրույն կիրառումը կգտնի համացանցում տարածված և հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործությունների դեպքում, որի արդյունքում կձևավորվի պատշաճ իրավական պրակտիկա, իսկ վերջինիս դրական ընթացքը կնպաստի նաև համացանցի ոլորտում հեղինակային իրավունքի զարգացմանը»,- ասաց Դավիթ Ղարիբյանը։
Ի դեպ, հիշեցնենք, որ Դավիթը վերջերս մասնակցել է Մտավոր սեփականության իրավունքի ամենամյա 8-րդ մրցույթ-դատախաղին, որտեղ նրա թիմը ճանաչվել է գրավոր փուլի հաղթող:
Քնար Միսակյան