- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱՐՇԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
Սեպտեմբեր 08, 2022 | 15:20
Կրթություն
Գիտություն
ԳԻՏԱՐՇԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցներն ու ֆակուլտետի ուսանողները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կազմակերպված գիտարշավի ընթացքում ծանոթացել են այնտեղի հարուստ կենսաբազմազանությանը և կատարել ուսումնասիրություններ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտահետազոտական բաժինն իրականացնում է խոշոր կաթնասունների ուսումնասիրություններ: ԵՊՀ գիտարշավախումբն ուսումնասիրել է մանր ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների, ինչպես նաև հավաքել տարբեր տեսակի միջատներ՝ հետագա ուսումնասիրությունների համար։
Կենդանաբանության ամբիոնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Առաքելյանը մեզ հետ զրույցում կարևորեց նմանատիպ գիտարշավների դերը։
«Գիտարշավի շրջանակում իրականացրել ենք դաշտային ուսումնասիրություններ, որոնք ուսանողների համար հնարավորություն են ստեղծում ծանոթանալու կենդանատեսակներին և տեղում իրականացնելու հետազոտական աշխատանք»,- նշեց Մ․ Առաքելյանը:
Անդրադառնալով գիտարշավի ընթացքում կատարված ուսումնասիրություններին՝ կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, գիտարշավի կազմակերպիչ Մանան Ասիկյանը փաստեց. «Կարճատև արշավը բավական էր՝ նկատելու գլոբալ տաքացման ազդեցությունը նաև մեր բուսաշխարհի և կենդանաշխարհի վրա։ Նախորդ տարիների միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ` այս տարի բուսականությունը շատ ավելի չոր էր, իսկ կենդանիները՝ տեսանելիորեն քիչ»:
Մ․ Ասիկյանը հավելեց, որ ծրագրին հիմնականում մասնակցում են բարձր կուրսերի ուսանողները, և նման ծրագրերում նրանց ներգրավվածությունը նպաստում է գործնական հմտությունների ձեռքբերմանն ու ոլորտի վերաբերյալ առավել վառ պատկերացում ստանալուն:
Գիտարշավի մասնակից, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Սոնա Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գիտարշավը հնարավորություն տվեց տեսնելու այն ամենը, ինչ բազմիցս լսել էինք դասախոսությունների ընթացքում»:
Շարունակելով Ս․ Մուրադյանի խոսքը՝ գիտարշավի մեկ այլ մասնակից՝ ֆակուլտետի ուսանող Կարեն Խաչատրյանը, հավելեց, որ կենդանիներին տեսնելն ու հարուստ կենսաբազմազանությամբ տարածքում ուսումնասիրություններ կատարելը նպաստում են մասնագիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Նշենք, որ գիտարշավը կազմակերպվել էր Վրաստանի և Գերմանիայի հետ համատեղ իրականացվող «Կովկասյան կենսաբազմազանության գենետիկական ուսումնասիրության» միջազգային ծրագրի (CaBol) շրջանակում։