- Գլխավոր
- Նորություններ
- ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է. ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ 5 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Սեպտեմբեր 06, 2021 | 13:50
Գիտություն
ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է. ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ 5 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ԵՊՀ-ի ներկայացրած գիտական 5 թեմա երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ-ի կողմից ներկայացված թեմաներից ֆինանսավորման են երաշխավորվել «Ածխածնի նանոխողովակների և նանոկոմպոզիտային միացությունների հիման վրա ճկուն գազային սենսորների պատրաստում», «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ սինթեզ և ակտիվություն», «Կենսաանվտանգության կարողությունների զարգացում Հայաստանում. կաթնասունները որպես հիվանդությունների վեկտորներ», «Մետաղակայուն մանրէները որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման ﬕջոցներ» և «Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսուﬓական կենտրոնի ստեղծում» թեմաները:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ հայտարարված մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը:
«Ինչպես գիտենք, ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 8-ի որոշմամբ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացել են, ինչը նպատակ ունի ընդլայնելու ոչ միայն մեկնարկային լաբորատորիաների զարգացումը, այլև թեմատիկ հետազոտությունների ծավալը. 2021 թվականին նախատեսվում է տրամադրել շուրջ 50 դրամաշնորհ»,- ասաց Երանուհի Մանուկյանը:
Նրա խոսքով, գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 16 թեմա, որոնցից 5-ը՝ ԵՊՀ-ից:
«Ըստ էության՝ մրցույթի արդյունքները տրամաբանական են, քանի որ բուհերի մեջ երաշխավորված թեմաների քանակով ԵՊՀ-ն մշտապես առաջատարն է, և այս մրցույթի արդյունքներն էլ դրա վառ վկայությունն է: Այսինքն, գիտական արդյունավետությունը համահունչ է ներկայիս իրավիճակին»,- նշեց Գիտական քաղաքականության վարչության պետը:
Երանուհի Մանուկյանը նշեց, որ դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, որի ընթացքում 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը կիրականացնեն իրենց հետազոտությունները:
Այս մրցույթի համար Գիտության կոմիտեի սահմանած կարևոր չափանիշներից, ըստ Երանուհի Մանուկյանի, այն է, որ հետազոտական խմբերում պարտադիր պետք է ներառվեն երիտասարդներ, ինչը շատ կարևոր է սերնդափոխության տեսանկյունից, քանի որ այս ձևաչափով նրանք հնարավորություն կստանան ձեռք բերելու գիտական աշխատանքներ իրականացնելու և դրամաշնորհային ծրագրերի մասնակցության համար անհրաժեշտ հմտություններ:
Քնար Միսակյան