- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
Փետրվար 01, 2019 | 16:25
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ստացել են ծանուցումներ առ այն, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:
Բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունումը, ըստ ԵՊՀ գիտաշխատողների, բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և որոշել բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ նշելով խնդրահարույց հարցերը, որոնք առաջ են գալիս այս որոշումից և հույս հայտնել, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:
ԵՊՀ կոնֆերենց դահլիճում այսօր Ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատողները ստացան ծանուցումները, ընդ որում՝ փաստենք, որ նրանցից մի քանիսը չստորագրեցին դրանք՝ այդպիսով ընդվզելով որոշման դեմ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ֆակուլտետի գիտական խորհուրդը և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտն անցկացրել են բաց նիստ, որի ընթացքում քննարկել են հարցը և հանգել եզրակացության, որ մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը բուհերում ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն պայման է, որն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:
Նիստի մասնակիցները վստահ են, որ նշված որոշման իրականացումը հսկայական վնաս կհասցնի ոչ միայն գիտությանը, այլև բուհական կրթությանը՝ կտրուկ իջեցնելով պատրաստվող կադրերի մասնագիտական մակարդակը: Երկրի անվտանգության տեսանկյունից գիտության վերաբերյալ ցանկացած որոշման իրականացում, որը չի հանգեցնելու գիտական ներուժի հզորացմանը, արդարացիորեն պետք է դիտվի որպես պետական շահերին հակասող՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը:
Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հավաստմամբ, պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու համար սահմանված կարգով գործում է փորձաքննության ինստիտուտը: Այն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը:
Ի դեպ, Կոնֆերենց դահլիճում հավաքված գիտաշխատողները որոշեցին հինգշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը: Գիտաշխատողները կոչ են անում բոլոր շահագրգիռներին միանալ իրենց նախաձեռնությանը:
Քնար Միսակյան