- Գլխավոր
- Նորություններ
- ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՆՈՎԱ ԳՈՒՐԻՑԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏ ԱՐՏԵՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԵՑ ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
Մարտ 06, 2019 | 16:33
Գիտություն
ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՆՈՎԱ ԳՈՒՐԻՑԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏ ԱՐՏԵՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ ՍԵՄԻՆԱՐ ՎԱՐԵՑ ՏԵՍԱԿԱՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած սեմինարներից մեկը:
Յուրաքնչյուր չորեքշաբթի անցկացվող սեմինարների ավանդույթը դրվել է դեռևս Տեսական ֆիզիկայի ամբիոնի հիմնադիր, ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի կողմից: Վերջինս այն Հայաստան է բերել Ռուսաստանի ԳԱ ֆիզիկայի ինստիտուտից, որտեղ նա Դմիտրի Բլոխինցևի ղեկավարությամբ աշխատել է Նոբելյան մրցանակակիր Իգոր Տամի գիտական խմբում:
Տեսական ֆիզիկայի ամբիոնում այս անգամ սեմինարը վարեց Ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, Սլովենիայի Նովա Գուրիցայի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դոցենտ, նյութերի հետազոտության գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արտեմ Բադասյանը:
Կենսաֆիզիկայի տեսական մոդելներին, մասնավորապես՝ ջրի և կենսապոլիմերների միջև փոխազդեցության մոդելավորման թեմայով զեկույցի ընթացքում Արտեմ Բադասյանը նշեց, որ կենսապոլիմերների փորձարարական հետազոտությունները վերջին տասնամյակում գտնվում են աննախադեպ մակարդակի վրա և թույլ են տալիս դիտարկելու անգամ մեկ մոլեկուլը:
Ըստ բանախոսի՝ նրա հետազոտության նպատակն է ուսումնասիրել արտաքին գործոնների փոփոխության ազդեցությունը կենսապոլիմերների կոնֆորմացիաների վրա:
Փորձարարական տվյալների մշակումն էականորեն կապված է կենսապոլիմերներում կոնֆորմացիոն անցումների տեսական մոտեցումների հետ:
Ինչպես նշեց Արտեմ Բադասյանը, մինչ այս հետազոտությունները՝ առկա տեսական մոդելները ծագում են 1960-ականներից և պարունակում են այդ ժամանակին բնորոշ չհիմնավորված տարբեր ենթադրություններ:
Դրանցից խուսափելու համար ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ-ի մակրոմոլեկուլների ֆիզիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատողներ ֆիզմաթ. գիտ դոկտորներ, պրոֆեսորներ Վ. Մորոզովի և Ե. Մամասախլիսովի հետ համատեղ առաջարկվեց Զիմ-Բրեգի մոդելի համիլտոնյանը, որը հաշվի է առնում նաև ջրի առկայությունը:
«Համիլտոնյանի հիման վրա հաշվում ենք մոդելի ազատ էներգիան և պարույրության աստիճանը: Մոդելի անալիտիկական լուծման արդյունքում ստացվող բանաձևը պատրաստ է փորձարարական տվյալների հետ համեմատության: Փորձարարական որոշ տվյալների հետ համեմատման արդյունքում նկատում ենք լավ համընկում տեսական և փորձարարական մոտեցումների միջև»,- նշեց Արտեմ Բադասյանը՝ պնդելով, որ այսօրինակ ձևաչափը նպաստում է կենսատեխնոլոգիաների հետագա զարգացմանը: