- Գլխավոր
- Նորություններ
- ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՐԱԿԱՐԳ ԵՎ ՉԵՂԱՐԿՎԱԾ ՆԻՍՏ. ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ
Փետրվար 28, 2019 | 18:09
Քաղաքականություն
ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ՕՐԱԿԱՐԳ ԵՎ ՉԵՂԱՐԿՎԱԾ ՆԻՍՏ. ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը» հարցով:
Նախքան օրակարգային հարցի հաստատմանն անդրադառնալը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը պարզաբանեց, թե ինչու է հրավիրվել նիստ՝ նշելով, որ հարցի բարձրացման անհրաժեշտությունը նախևառաջ կապված է ԵՊՀ գիտակրթական գործունեության արդյունավետության կտրուկ բարձրացման հետ.
«Մենք ունենք ուսանողների թվի բացասական դինամիկա, ֆինանսական կառավարման արդյունավետության ցածր աստիճան, օտարերկրյա ուսանողների ներգրավման խնդիր, և դրանց գումարած՝ ստեղծված իրավիճակներում միջազգային հարթակներում ԵՊՀ հեղինակության խաթարում: Այս ամենն ինձ բերում է այն եզրահանգման, որ ԵՊՀ -ն ժամանակի մարտահրավերներին դիմակայելու, նախկինում տեսակարար կշիռը վերականգնելու, դասախոսությունների որակական և գիտակրթական կշիռը բարձրացնելու համար կարիք ունի որակական և քանակական արագ փոփոխությունների»,- ասաց Գևորգ Մուրադյանը:
Նրա հավաստմամբ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուղղակի պարտականությունն է բարձրացնել ԵՊՀ ռեկտորի լիազորությունները շարունակելու կամ չշարունակելու հարցը. «Բացի թվարկվածներից՝ կա հարցի երկրորդը կողմը՝ այսօր առաջացած հասարակական ոչ ադեկվատ գնահատականը: Կարծում եմ՝ համաձայն եք, որ նախորդ մեկ ամիսը ԵՊՀ-ի համար հասարակական տեսանկյունից բարդ ժամանակահատված էր: Համոզված եմ, որ խնդրի հանգուցալուծում չստանալու դեպքում ամեն օր միայն ու միայն ավելի է վատանալու իրավիճակը: Այս ամենը՝ որպես հիմնավորում իմ տեսակետի և օրակարգի խնդրին»:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ նշելով, որ նախօրեին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող-անդամները տարածել են հայտարարություն, որով արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը: ԵՊՀ ՈՒԽ նախագահը փաստեց, որ ըստ իրենց՝ ԵՊՀ-ում կա բարեփոխումների անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակն առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:
«Այո՛, բուհն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց պե՞տք է այդ ամեն ինչը կապել ռեկտորի անվան հետ։ Հարցը պարոն Արամ Սիմոնյանի անձի հետ կապված չէ։ Հարցն ընդհանուր է, գլոբալ։ Մենք կարող ենք նման մեխանիզմով ցանկացած հետագա ռեկտորի լիազորությունները դադարեցնել։ Այս ամենի չափելիությունը ո՞րն է։ Եթե մենք նման մեխանիզմը նախադեպ դարձնենք, ցանկացած ռեկտորի ու ցանկացած պաշտոնյայի նման մեխանիզմով անվստահություն կհայտնենք ու կհեռացնենք պաշտոնից։ Բայց եկեք բարոյական տեսանկյունից նայենք այս հարցին։ Ես՝ որպես ուսանող, դա չեմ ընդունում, չեմ ընդունում նաև ակտիվիստի վարքը, որովհետև իմ բուհն ինձ նման դաստիարակություն չի տվել, ինձ սովորեցրել են հարգել մեծին: Իսկ ի՞նչ ենք անելու մենք՝ նման որոշում ընդունելով. տուրք ենք տալու նմա՞ն արժեքների ընդունմանը»,- իր ելույթում ասաց Դավիթ Ափոյանը:
Այնուհետև գիտխորհրդի նիստերի դահլիճ ներխուժեց անհայտ քաղաքացի՝ պահանջելով ելույթի իրավունք ստանալ: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ խոսքի իրավունք ունեն միայն անդամները, ապա նիստն անխափան շարունակելու համար առաջարկեց այն դռնփակ անցկացնելու որոշում կայացնել՝ թույլ տալով միայն լրագրողներին ներկա գտնվել: Առաջարկությունը միաձայն հաստատվեց:
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը՝ փաստելով, որ ստեղծված իրավիճակի լուծման ճիշտ և արդարացի ուղին իրավականն է. «Մենք ցանկացած որոշում ընդունելու դեպքում պետք է օրենքով շարժվենք»:
Պարոն Վաղարշյանը նշեց, որ նիստի օրակարգի հարցի ձևակերպումն իրավական խնդիրներ է առաջ բերում: Ամբիոնի վարիչը փաստեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին տրված պարզաբանումը, թե ինչ հիմքով է հրավիրվել այս օրակարգային հարցով նիստը, խոցելի է:
«Խնդիրը գործող ակտերի շրջանակն է, որով կարգավորվում են կրթական հարաբերությունները և համալսարանի կառավարման համակարգը: Մի կողմից գործում է հիմնադրամների մասին օրենքը, մյուս կողմից՝ համալսարանը կրթական կազմակերպություն է և գտնվում է կրթական օրենսդրության գործողության տիրույթում, որտեղ էլ գործում են երկու օրենք՝ «Կրթության մասին» և «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» օրենքները, ինչպես նաև դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես՝ համալսարանի կանոնադրությունը և այն կանոնակարգը, որի հիման վրա մենք գործում ենք: Հիմնադրամների մասին օրենքով կարգավորվում են համալսարանի արտաքին հարաբերությունները, իսկ ահա ներքին կառավարումը ոչ մի կապ չունի այդ օրենքի հետ: Հետևաբար` միանշանակ ասել, որ պետք է գործել ըստ հիմնադրամների մասին օրենքի՝ իրավական տեսանկյունից ճիշտ չէ»,- իր ելույթում բացատրեց Արթուր Վաղարշյանը:
Ելույթի ավարտին նա առաջարկեց փոխել օրակարգային հարցը՝ այն ձևակերպելով «Համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին քննարկումներ»:
Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը՝ համաձայնելով այն շեշտադրման հետ, որ իրավական պարզաբանման մեջ թույլ կողմեր կան. «Արևմտյան բուհերում վաղուց գործում է այն ինստիտուտը, երբ բուհերը ղեկավարվում են դրա նախագահների և ռեկտորների կողմից: Բաժանումը հստակ է, նախագահը պատասխանատու է ֆինանսների, իսկ ռեկտորը՝ գիտության համար: Բարոյական տեսանկյունից մեզնից ոչ ոք չի կարող խնդրել կամ հորդորել ռեկտորին իջնել այն ճանապարհից, որը նա բարձրացել է ամբողջ կյանքում»:
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը հիշեցրեց, որ դեռևս մեկ ամիս առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ բոլորը միաձայն դրական գնահատեցին Արամ Սիմոնյանի հաշվետվությունը. «Նշանակում է՝ մենք՝ բոլորս, համաձայնություն ենք տվել, որ նա ևս մեկ տարի աշխատի, իսկ այսօր հակադարձ գործողություն է իրականանում: Ես համակարծիք եմ պարոն Վաղարշյանի հետ. պետք է փոխել օրակարգային հարցի ձևակերպումը»:
Օրակարգային հարցը փոխարինելու առաջարկը դրվեց քվեարկության: 13 կողմ, 14 դեմ ձայների համամասնությամբ առաջարկը չընդունվեց: Քվեարկության դրվեց նաև նախօրոք օրակարգում տեղ գտած հարցը հաստատելու առաջարկությունը, որը 15 կողմ և 12 դեմ ձայների համամասնությամբ նույնպես չընդունվեց՝ ընդհանուր ձայների պարզ մեծամասնություն չապահովվելու պատճառով:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերջին օրերին իրականացվող ակցիաները ոչ թե ի շահ, այլ ի վնաս համալսարանի էին. «Ստեղծված իրավիճակը նաև այն պատճառով է, որ տարիներ շարունակ մարդիկ չեն կարողացել ազատ արտահայտվել և բազմիցս ենթարկվել են հալածանքների»:
Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ եթե չեղարկվի նիստը, ապա կառկախվի նաև համալսարանի հարցը. «Մենք չենք էլ քննարկում, որ ԵՊՀ-ն Մայր բուհ է, անվիճելի է, որ այն առաջատար է: Բայց ինչպիսի առաջատար է, երբ համատարած ճահիճ է և համալսարանական կյանքը մեռած է այստեղ և մյուս տեղերում: Մենք գիտենք կրթության անասելի ցածր վիճակը: Արդյո՞ք պետական համալսարանը համաքայլ է ընթանում 21-րդ դարի պահանջներին: Նույնիսկ հայաստանյան իրավիճակում մենք տեսնում ենք, որ գնահատականը խիստ ցածր է»:
Դավիթ Գյուրջինյանը հիշեցրեց, որ հնչել է մեկ այլ առաջարկություն ևս. քվեարկությամբ հաստատել նոր օրակարգ, որի մեջ կներառվեն ինչպես պարոն Վաղարշյանի առաջարկած, այնպես էլ նախօրոք ներկայացված հարցերը, և առաջարկեց քվեարկել այն:
Առաջարկությունը դրվեց քվեարկության: 12 կողմ և 13 դեմ ձայների համամասնությամբ այն չհաստատվեց: Նիստն ավարտվեց:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:
Քնար Միսակյան