- Գլխավոր
- Նորություններ
- ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հունվար 29, 2019 | 15:15
Ուսանողական
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հայերենը մշտապես եղել է ուսումնասիրության կենտրոնում: Ոսկեղենիկ այս լեզուն իր յուրահատկությամբ հետաքրքրել է նաև օտարերկրացիներին, որոնք ուսումնասիրել և սովորել են հայոց բառն ու բանը, գրականությունը, պահպանված արժեքներն ու լեզվամտածողության առանձնահատկությունը:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում սովորող չինուհի Շի Խինգյուն արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանում է և սովորում է հայերեն:
Մեզ հետ զրույցում չինուհին պատմեց իր ուսանողական կյանքի, հայերենին տիրապետելու դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին:
«Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում եմ, այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, մարդիկ ջերմ ու բարեհամբույր են,- պատմում է Շին ու հավելում, որ իր տպավորություններով կիսվում է նաև ընկերների հետ:- Մինչև իմ՝ Հայաստան գալն ընկերներս չէին լսել այս երկրի մասին, բայց այնքան եմ պատմել՝տպավորված են և իրենք էլ են ցանկանում տեսնել Հայաստանը»:
Սակայն Շին որոշակի դժվարությունների է հանդիպում. «Ուտելիքն ինձ այնքան էլ դուր չի գալիս, և իմ սնունդն ուղարկում են Չինաստանից»:
Վերջինս անկեղծանում է, որ դժվարությամբ է սովորում հայերեն, սակայն չի հուսահատվում և շարունակում է աշխատել. «Հայերենը հատուկ լեզու է, և շատ քչերն են լավագույնս տիրապետում լեզվին»:
Չինուհի ուսանողի բնութագրմամբ, հայերենն ինքնատիպ է հատկապես իր այբուբենով:
Շիին գրավել է նաև հայ գրականությունը՝ հատկապես «Սասնա ծռեր» դյուցազներգությունը. «Հայրս նույնպես կարդացել է դյուցազներգությունը և կարծում է, որ շատ հետաքրքիր է»:
Չինուհին այժմ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է:
Համակուրսեցիներ Զվարթ Ենոքյանը և Արմինե Եփրեմյանը գոհունակությամբ են խոսում օտարազգի համակուրսեցու մասին:
Նրանց խոսքով, Շին այնքան աշխատասեր է, որ ի վերջո հասնելու է ցանկալի արդյունքի:
«Դժվարությամբ է սովորում հայերեն, բայց այնքան աշխատասեր է, որ երբեք չի հուսահատվում»,- պատմում է Զվարթ Ենոքյանը:
Իսկ Արմինեի բնութագրմամբ, իրենք ձեռք են բերել ոչ միայն խելացի և աշխատասեր համակուրսեցի, այլև անկեղծ ու նվիրված ընկեր. «Ազնիվ, բարի ու հավատարիմ ընկեր է Շին, պատրաստ է մշտապես օգնել և աջակցել»:
Այդուհանդերձ, չինուհին մտահոգված է, որ հայերենի բառապաշարի ստվար լինելու պատճառով քիչ է հաղորդակցվում ընկերների հետ:
Շին ապրում է մենակ, ընկերներին հաճախ է հյուրասիրում չինական խոհանոցի բարիքները և իհարկե, համտեսում հայկական խոհանոցի ուտեստները:
Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Շին նշում է, որ ցանկանում է ոչ միայն գերազանց տիրապետել հայերենին, այլև սովորել հայոց պատմություն:
Անգին Խաչատրյան