- Գլխավոր
- Նորություններ
- «ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ». ՀՈԳԵԲԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Փետրվար 13, 2019 | 14:06
Հասարակություն
«ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ՓՈՔՐ ՔԱՅԼԵՐՈՎ». ՀՈԳԵԲԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ծխե՞լ, թե՞ չծխել. սա է վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից մեկը: Ոմանք ասում են, որ ծխելու հետևանքով առաջացած խնդիրները չափազանցված են, երբեմն էլ՝ չապացուցված, մյուսներն էլ գտնում են, որ մեզ վաղուց էր նմանօրինակ մի օրենք պակասում:
Մի խոսքով՝ ծխողները վրդովված են, չծխողները՝ ոգևորված:
Այնուամենայնիվ, ինչո՞ւեն մարդիկ ծխում, հնարավո՞ր է արդյոք վաղվանից դադարեցնել ծխելը, և ինչպե՞ս հաղթահարել կախվածությունը: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Լուսինե Ստեփանյանի հետ:
- Ինչո՞ւ են մարդիկ կախվածության մեջ ընկնում ծխախոտից:
- Նախ մենք պետք է նշենք, որ գոյություն ունի կախվածությունների մի քանի տեսակ՝ գենետիկական, հոգեբանական, վարքային և քիմիական: Վերջինիս շարքին է դասվում նաև նիկոտինային կախվածությունը, որը մնացած քիմիական կախվածություններից տարբերվում է նրանով, որ այն չի առաջացնում գիտակցության մթագնում, այսինքն՝ ծխող մարդու գիտակցության հետ ոչինչ տեղի չի ունենում, բացի նրանից, որ 5 րոպեով նեղանում են անոթները:
Նիկոտինը նպաստում է էնդորֆին հորմոնի արտադրությանը, որը մեր երջանկության հորմոնն է:
Երբ նիկոտինը հասնում է էնդորֆին արտադրող կենտրոններին, խթանում է վերջիններիս արտադրությունը, ինչի շնորհիվ՝ մարդու մոտ առաջանում են երջանկության զգացում, դրական զգացողություններ, հույզեր:
Ամեն անգամ մենք ավելի շատ ենք ունենում այս հույզերի կարիքը, ինչի համար էլ ծխախոտի առավել մեծ չափաբաժնի կարիք է առաջանում:
Այս գործընթացը փակ շղթա է հիշեցնում: Ստացվում է, որ ծխող մարդն ինչքան ավելի շատ է ծխում, այնքան ավելի շատ է դրա կարիքն ունենում:
Սա մի սկզբունք է, որն ընկած է յուրաքանչյուր կախվածության հիմքում:
Կախվածության առաջին փուլը մարդուն երջանկություն է պարգևում, երկրորդ փուլում այն անհրաժեշտություն է դառնում, երրորդ փուլում արդեն ոչ մեկն է, ոչ՝ մյուսը, բայց առանց դրա մարդը չի կարողանում իր կյանքը պատկերացնել:
Դրա համար, եթե նույնիսկ մարդիկ սկսում են ծխել և մտածում են, որ իրենք չեն կարող կախվածություն ձեռք բերել, պետք է իմանան, որ ժամանակի ընթացքում այդ չափաբաժինն անպայմանորեն ավելանալու է, որովհետև նախորդ չափաբաժիններն այլևս չեն բավարարելու էնդորֆինների ակտիվացման համար:
Նույն սկզբունքն է ընկած նաև թմրամոլության, ալկոհոլամոլության և մյուս տեսակ մոլությունների հիմքում, որն էլ կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա:
Մյուս կողմից, ի տարբերություն թմրամոլության և ալկոհոլամոլության, ծխախոտամոլությունը սոցիալական առումով իրենից վտանգ չի ներկայացնում, կարծես թե տուժում են միայն ծխողը և մի քիչ էլ՝ «պասիվ» ծխողը:
- Չափազանցվա՞ծ են արդյոք ծխելու վնասակարության մասին տեղեկությունները:
- Ծխախոտամոլության դեպքում վնասները համեմատաբար այդքան շատ չեն, բայց այստեղ էլ մենք խնդիր ենք ունենում շնչառության, թոքերի, սրտանոթային համակարգի հետ:
Նիկոտինը, որպես այդպիսին, օրգանիզմի համար վնասակար չէ, վնասակար են նիկոտինին ուղեկցող նյութերը, որոնք կարող են քաղցկեղածին լինել:
- Ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ ծխելու սովորությունը արդեն մոլության է վերածվել:
- Ծխախոտամո՞լ եք, թե՞ ոչ, շատ հեշտ է որոշել: Կարևոր է այն, թե արթնանալուց անմիջապես հետո մարդը ծխո՞ւմ է, թե՞ ոչ:
Եթե մարդը բացում է աչքերն ու առաջին հինգ րոպեների ընթացքում արդեն պետք է ծխի, ուրեմն մենք գործ ունենք կախվածության հետ:
Երբեմն նույնիսկ այդ մեկն էլ կարող է չբավարարել, և մարդիկ օգտագործեն երկրորդը, մինչև որ քնից արթնանան:
- Հնարավո՞ր է կախվածության մի տեսակի դեմ պայքարելիս մյուսը ձեռք բերել:
- Եթե մարդը հակված է կախվածություն ձեռք բերելուն, նա միշտ էլ կգտնի մի բան, որից կարող է կախվածության մեջ ընկնել և այո, մի կախվածությունը կարող է մյուսով փոխարինվել:
Օրինակ՝ երբեմն ծխելը փոխարինվում է արևածաղիկներով, քաղցրեղենով, ուտելիքով:
Գոյություն ունեն նաև նիկոտին պարունակող հատուկ հաբեր, որոնք նույն էնդորֆին արտադրելու ազդեցությունն ունեն, բայց վերջիններիս ազդեցությունը նույնպես վիճելի է:
- Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է հակածխախոտայինօրենքը նպաստելու ծխելու կախվածությունը հաղթահարելուն:
- Ես ինքս կողմ եմ այս նախաձեռնությանը, քանի որ մի կողմ թողնելով պասիվ ծխողների թեման՝ պետք է նշեմ, որ եթե հանրային վայրերում չթույլատրվի ծխելը, ինչքան էլ ծխող մարդը գլանակի կարիք զգա, ստիպված է իրեն զսպելու և երկարացնելու չծխելու ժամանակահատվածը, ինչը հանգեցնելու է նրան, որ քայլ առ քայլ մարդն այդ սովորությունից հետ է վարժվելու:
Իհարկե, կարելի է ծխողների վրդովմունքը հասկանալ, քանի որ օրենքի պատճառով իրենց առօրյան, սովորությունները կարող են փոխվել: Բայց սա հաղթահարելի է, որովհետև մեր ուղեղն ինչքան արագ սովորում է նիկոտինով էնդորֆին արտադրելուն, նույնքան արագ էլ կարող է նույն էնդորֆինը ստանալ այլ աղբյուրներից:
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք պատրաստվում են վաղվանից չծխել:
- Ես խորհուրդ կտամ հիշել «փոքր քայլերի» մասին:
Յուրաքանչյուր կախվածություն կարելի է հաղթահարել փոքր քայլերով, օրինակ՝ մարդն ինքն իրեն պետք է խոստանա, որ մեկ շաբաթվա ընթացքում չի ծխելու, փոխարենը՝ հավաքված գումարով կարող է ինքն իրեն փոքրիկ նվեր գնել կամ ժամանցի որևէ վայր այցելել, որից հաճույք կստանա:
Այստեղ կարևոր է ժամանակի գործոնը: Պետք է սկզբի համար փորձել չծխել մեկ շաբաթ և ոչ թե մեկ ամիս: Հետո նոր այդ միջակայքը երկարեցնել: Սա նշանակում է փոքր քայլելով հասնել նպատակին:
Այս հարցում կարևոր է նաև շրջապատող մարդկանց դերը: Շրջապատը պետք է համբերատար լինի, որովհետև, երբ ծխողը փորձում է ձերբազատվել այդ վատ սովորությունից, դառնում է նյարդային, տագնապային, դյուրագրգիռ և նույնիսկ ագրեսիվ, այդ պահին նրան առավել քան երբևէ անհրաժեշտ են շրջապատող մարդկանց ըմբռնումն ու աջակցությունը:
Անի Պողոսյան