- Գլխավոր
- Նորություններ
- ՍՈՑՔԵՄՓ` ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 30, 2018 | 14:53
Հասարակություն
ՍՈՑՔԵՄՓ` ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիսի 30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ՍոցՔեմփը։ Չորրորդ տարին է, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպում է այս միջոցառումը՝ հարթակ դառնալով հասարակագիտական թեմայով վերլուծությունների համար։
ՍոցՔեմփը գիտական խնդիրների մասին ոչ ֆորմալ կերպով խոսելու հնարավորություն է տալիս։ Որպես ազատ ունկնդիր կամ զեկուցող կարող են հանդես գալ բոլոր ցանկացողները։
Այս տարի միջոցառմանը հրավիրված էին հատուկ հյուրեր՝ ԵՊՀ սոցիոլոգիայի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյան, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հրաչ Բայադյան, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Ժաննա Անդրեասյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան և սոցիալական մարդաբան Ալինա Պողոսյան։
Միջոցառման թեմաները բազմազան են։ Թեմաների ընտրությունը հիմնականում կապված է լինում տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Միջոցառումը բացման խոսքով հանդես եկավ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշանիկ Հարությունյանը. «Հաճելի է, որ ՍոցՔեմփը, լինելով ներֆակուլտետային միջոցառում, ընդլայնել է իր շրջանակը՝ ներառելով մարդիկ այլ համալսարաններից և կազմակերպություններից»,- ասաց Շուշանիկը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով միջոցառման հատուկ հյուրն էր, աշխատանքային այցով Արցախ մեկնելու պատճառով չկարողացավ ներկա գտնվել ՍոցՔեմփին, սակայն Մանե Թանդիլյանը ներկաներին ուղերձ էր հղել և իր ուրախությունը հայտնել, որ արդեն կիրառության մեջ են դրվել ոչ ֆորմալ գործիքներ։ «Դուք կարող եք օգնել գտնելու այն գործիքակազմը, որը մեզ կտանի դեպի սոցիալապես ապահով Հայաստան», - ուղերձում գրել էր Մ․ Թանդիլյանը։
Ներկաներին ողջունեց միջոցառմանը աջակից «DVV International» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը։
Առաջինը զեկույցով հանդես եկավ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով, թե ինչ էր անում սոցիոլոգիան հեղափոխության ընթացքում։
«Մենք ուղղակի չենք ճանաչում մեր գիտելիքը։ Գիտությունը չի կարող լինել ապաքաղաքական։ Պետք է խորապես գիտակցենք, որ «գիտելիքի» յուրաքանչյուր էլեմենտ դուրս է գալիս հրապարակ և լսելի է դառնում տարբեր խմբերի համար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով գիտության խնդիրների մասին, նշեց. «Գիտությունը չի կարող զարգանալ, եթե չունի ազատություն»։ Նա խոսեց նաև գիտությունների՝ միմյանց մեջ ներթափանցելու շուրջ՝ պատմելով Դանիել Կանեմանի մասին, ով 2002 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել տնտեսագիտության ոլորտում հոգեբանական մեթոդիկայի ներդրման համար։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս Հրաչ Բայադյանի ելույթը մեդիա և մշակութային ուսումնասիրությունների մասին էր. «Մենք ուսումնասիրում ենք այն տեսքստերը, որոնք հասարակությունը ստեղծում է ինքն իր մասին»։ Նա կարևորեց մարդկանց մեդիագրագիտությունը՝ անդրադառնալով այս տեսանկյունից ամենագրագետ երկրներին և նշելով, որ Հայաստանը մեդիագրագիտության խնդիրները ժառանգել է խորհրդային տարիներից։
Պատմելով իր ուսանողների ավարտական աշխատանքների մասին՝ Հրաչ Բայադյանը ներկայացրեց հայրենասիրական ֆիլմերին և սիթքոմներին վերաբերող հետազոտությունների արդյունքները՝ հավելելով. «Մենք ապրում ենք մեդիայի հետ և մեդիայի մեջ»։
Զեկույցով հանդես եկավ նաև Հարություն Վերմիշյանը, իսկ ընդմիջումից հետո ելույթները շարունակվեցին և՛ նախասրահում, և՛ԵՊՀ մեծ դահլիճում:
Մարի Ռաֆյան