- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նոյեմբեր 27, 2018 | 18:27
Մշակույթ
«ՍՊԵՂԱՆԻ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում կայացավ «Սպեղանի» երգչախմբի համերգը:
Արդի խմբերգային զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող «Սպեղանի» երգչախումբը շարունակում է իրականացնել նոր ծրագրեր և մտահղացումներ, նպաստել ազգային խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը:
Երգչախմբի անվանումը խորհուրդ ունի. 1996 թվականին նորաստեղծ երգչախումբը, ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների, անվանվեց «Սպեղանի»:
Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոնների և արժանանալով առաջին մրցանակների:
Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարինե Ավթանդիլյանն է:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Երգչախմբի կատարմամբ հնչեցին Ջիովաննի Պալեստրինայի «Sub tuum praesidium», Ռոբերտ Շումանի «Der Wassermann», Հեկտոր Բեռլիոզի «Veni Creator», Ֆրանսիս Պուլենկի «La petite fille sage» համաշխարհային ճանաչում ունեցող կատարումները:
Անմասն չմնացին նաև հայ երգարվեստի գոհարները: Հնչեցին Կոմիտասի «Այ տղա մեր գեղեցի», «Մերիկ ջան հալալ», Երվանդ Երկանյանի «Ծագումն հրաշալի» կատարումները: