- Գլխավոր
- Նորություններ
- ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ՍՏԱՐՏԱՓԻ ՀԻՄՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «STARTUP BOOST WEEKEND VOL4»-Ը
Փետրվար 22, 2019 | 17:41
Հասարակություն
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂԱԿ ՍՏԱՐՏԱՓԻ ՀԻՄՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «STARTUP BOOST WEEKEND VOL4»-Ը
ԵՊՀ Պալեանների անվան սրահում այսօր մեկնարկեց «Startup Boost Weekend Vol4» խորագիրը կրող միջոցառումը, որի հիմնական նպատակն ուսանողների շրջանում ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանումն է:
Միջոցառման հիմնական հյուրնկալող, համակազմակերպիչներն են ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը և «ISTC»-ին (Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն):
Նախաձեռնությանը մասնակցում են 120 ուսանող 7 համալսարանից:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցող համալսարանների, «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչներ:
Ազդարարելով միջոցառման հանդիսավոր բացումը՝ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ նմանաբնույթ միջոցառումների կազմակերպումը և ուսանողների դրսևորած ակտիվությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչքան մեծ է երիտասարդների հաշտարարությունը ստարտափների նկատմամբ:
«Մենք ուրախ ենք այստեղ տեսնել ուսանողների, որոնց ներուժը ժամանակի ընթացքում անպայման հաջողակ ստարտափների կվերածվի»,- նշեց ԵՊՀ պրոռեկտորը:
Ուսանողներին աջակցելու պատրաստակամության հայտնեց նաև «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Մեր ընկերությունը ևս խրախուսում է նոր գաղափարները, և հովանավորելով այս միջոցառման հիմնական մրցանակները՝ փորձում ենք երիտասարդների մեջ սերմանել ձեռներեցության, նոր գաղափարների նկատմամբ նախաձեռնողականություն»,- ասաց Հայկ Ֆարամազյանը:
Նա հույս հայտնեց, որ նմանաբնույթ միջոցառումների շնորհիվ երևան կգան իսկապես արժեքավոր գաղափարներ, նոր ստարտափներ, որոնք հետագայում կյանքի կկոչվեն:
Ի դեպ, պետք է նշենք, որ «Ստարտափների խթանում՝ հանգստյան օրերին» միջոցառման առաջին հաղթող «Բրիջ» ստարտափն այժմ մեծ հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը:
«Ստարտափների խթանում՝ հանգստյան օրերին» միջոցառումը տևելու է 54 ժամ և ավարտվելու է փետրվարի 24-ին ժամը՝ 16.30-ին: