- Գլխավոր
- Նորություններ
- ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԻՋՈՑ, ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Փետրվար 21, 2019 | 17:32
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԻՋՈՑ, ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ
Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների համակարգը՝ որպես ուսանողների կողմից դասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման մեխանիզմ, նպաստում է ԵՊՀ դասախոսական հանրության շրջանում նոր դիրքորոշումների ձևավորմանը, ինչպես նաև դասավանդման և կազմակերպչական գործընթացների բարելավմանը:
Ուսանողական հարցումների ավանդույթը ԵՊՀ-ում վերականգնվել է դեռևս 2002 թվականից: Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը պատմեց, որ նախկինում՝ 1970-1990 թթ., եղել են «Դասախոսն ուսանողների աչքերով» խորագրով հարցումներ, որոնք անցկացվում էին անհրաժեշտության դեպքում, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ. «Օրինակ՝ երբ որևէ հաստիքի համար մրցույթ էր հայտարարվում, այդ ժամանակ ուսանողական հարցումների արդյունքները նույնպես հաշվի էին առնվում»:
Գրեթե երկու տասնամյակ է, ինչ ուսանողական հարցումները պարբերաբար անցկացվում են ԵՊՀ-ում՝ ընդգրկելով ամբողջ ուսանողությանը: Հարցումների ընթացակարգը ժամանակի ընթացքում վերամշակվում է՝ համապատասխանեցվելով արդի տեխնոլոգիաներին. «Հարցաթերթերի բովանդակությունը ևս ժամանակ առ ժամանակ վերանայվում է, համապատասխան մասնագետներն անընդհատ աշխատում են դրա կատարելագործման ուղղությամբ: Այսօր ուսանողական հարցումներն իրականացվում են էլեկտրոնային տարբերակով: Դրանց հնարավոր է մասնակցել նաև սմարթ հեռախոսով»:
Հրանտ Ժամհարյանի հաստատմամբ, ուսանողական հարցումները բավականին կարևոր են. «Դրանք ապահովում են հետադարձ կապ, որի շնորհիվ երևում է դասախոսի աշխատանքը, պարզ է դառնում, թե ինչպես է ուսանողը գնահատում նրա մանկավարժական հմտությունները, և ընդհանրապես նրա կողմից անցկացվող դասընթացը»:
«Ուսանողները, մասնակցելով իրականացվող հարցումներին, լսելի են դարձնում խնդիրներ և հաճախ առաջարկում նաև դրանց լուծումներ՝ այդպիսով նպաստելով բուհի զարգացմանը և առաջընթացին»,- պարզաբանում է Ուսումնամեթոդական վարչության պետը:
Հարցման արդյունքները քննարկվում են ամբիոնների, ֆակուլտետների գիտական խորհուրդների, այնուհետև ԵՊՀ գիտխորհրդի նիստերում: Հրանտ Ժամհարյանի խոսքով, դրանք մշտապես ԵՊՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում են. «Եղել են դեպքեր, երբ ըստ հարցման արդյունքների՝ մրցույթին մասնակցող դասախոսները չեն վերընտրվել, իսկ ժամավճարով աշխատող դասախոսը հետագայում այլևս չի հրավիրվել: Ուսանողների կարծիքների հիման վրա՝ որոշ դասախոսներ էլ մասնակցել են վերապատրաստման դասընթացների և այլն»:
Ըստ Հրանտ Ժամհարյանի՝ ուսանողական հարցումների գործընթացն իրականացնելիս մտահոգիչն ուսանողների անտարբերությունն է. «Կան ֆակուլտետներ, որտեղ մասնակցությունը շատ քիչ տոկոս է կազմում: Բայց ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այս հարցումները շատ կարևոր են: Մի կողմից՝ մեզ համար անչափ կարևոր է ուսանողների կարծիքը, նրանց մտահոգող խնդիրները և առաջարկները, մյուս կողմից՝ դասախոսների համար էլ կարևոր է՝ վերանայելու դասավանդման իրենց մեթոդները և կատարելագործվելու»:
Հրանտ Ժամհարյան հավաստմամբ, հարցումները նպաստում են նաև տարածքների վերանորոգմանը, վերազինմանը, կարգավորմանը և նոր սարքավորումների համալրմանը:
Տեղեկացնենք, որ ԵՊՀ ուսանողները մինչև փետրվարի 25-ը կարող են մասնակցել ուսանողական հարցումներին և լսելի դարձնել իրենց ձայնը:
Քնար Միսակյան