- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հունիս 20, 2019 | 12:35
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց մեծ հաջողություններ: Նա հույս հայտնեց, որ ուսանողները հետագայում իրենց ներդրումը կունենան Հայաստանի արտաքին հարաբերությունների արդյունավետ կազմակերպման գործում:
«Մեր ֆակուլտետը երիտասարդ է՝ դեռ 20 տարեկան, բայց այդ ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ և նվաճումներ է գրանցել: Ֆակուլտետի շրջանավարտներն այսօր մեծ արդյունավետությամբ և բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը դիվանագիտական տարբեր կառույցներում և հաստատություններում: Հուսով եմ՝ դուք էլ կմիանաք նրանց, և ձեր անփոխարինելի գործունեությունը կծավալեք»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ուսումնառության ընթացքում շրջանավարտները հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ, ինչը նպաստել է նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը. «Այդ դժվարություններով հանդերձ՝ ուսանողական տարիներն անմոռանալի են, և համոզված եմ, որ բազում գեղեցիկ հուշեր ունեք այս տարիների ընթացքում հավաքած, որոնք կուղեկցեն ողջ կյանքում»:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեց նաև ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը՝ նրանց մաղթելով հաջողություններ և բազմաթիվ հաղթանակներ. «Պատահական չէ, որ ձեր կյանքի կարևոր փաստաթղթերից մեկը ստանում եք ԵՊՀ պատմության թանգարանում: Խորհրդանշական է, քանի որ ձեր կյանքի ամենագեղեցիկ տարիներն անցկացրել եք համալսարանում և եղել համալսարանական»:
Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Նուբար Չալըմյանն էլ շրջանավարտներին խորհուրդ տվեց երբեք չվախենալ դժվարություններից. «Հեշտությամբ ոչինչ ձեռք չի բերվում, իսկ տքնաջան աշխատանքի արդյունքն ավելի թանկ է և գնահատելի: Ուզում եմ, որ գտնեք ձեր արժանավոր տեղը, բայց նաև ակնկալում եմ, որ երբեք չկտրեք ձեր կապը Մայր բուհի հետ»:
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ Լուսինե Թանգամյանը՝ նշելով, որ ֆակուլտետում ամեն կերպ օգնել և աջակցել են իրենց ուսումնառության տարիների ընթացքում, դասախոսներն էլ անփոխարինելի դեր ու անգնահատելի ներդրում են ունեցել իրենցից յուրաքանչյուրի կյանքում:
Շնորհավորական խոսքերի ավարտին շրջանավարտները հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները:
Քնար Միսակյան