- Գլխավոր
- Նորություններ
- ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Հունիս 25, 2019 | 16:14
Հասարակություն
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ մագիստրատուրայի և բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը կազմակերպել էին ֆակուլտետի ղեկավարությունը, ՈՒԽ-ն և ՈՒԳԸ-ն:
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը, շնորհավորելով շրջանավարտներին, հույս հայտնեց, որ նրանք լավ հիշողություններ են հավաքել այս տարիների ընթացքում, և որ բարձր կպահեն ֆակուլտետի անունը ցանկացած միջավայրում:
Շրջանավարտներին շնորհավորեց նաև ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը՝ խորհրդանշական համարելով այն, որ ուսանողները դիպլոմները ստանում են այն տարում, երբ նշվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակը. «Կարծում եմ՝ դա պարտավորեցնող է: Հուսով եմ՝ դուք նշանակալի ներդրում կունենաք ձեր մասնագիտության մեջ»:
Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը շրջանավարտներին մաղթեց հաջողություններ և հույս հայտնեց, որ այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները կօգնեն կյանքի հետագա փուլերում հեշտությամբ հաղթահարել բոլոր խոչընդոտները:
Ֆակուլտետի շրջանավարտ Հովհաննես Ադոնցն ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց բոլոր դասախոսներին և վարչական աշխատակիցներին՝ կրթելու և աջակցելու համար:
Շնորհավորական խոսքերի ավարտին շրջանավարտները հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները:
Քնար Միսակյան