- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մայիս 16, 2019 | 13:28
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն Իրավագիտության ֆակուլտետի աջակցությամբ մայիսի 15-ին կազմակերպել էր այց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսանողներին դիմավորեց ՀՀ դատախազության աշխատակազմի արարողակարգի վարչության պետի տեղակալ Աիդա Շահբազյանը։ Շրջայցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին դատախազության 100-ամյա պատմությունը, կոլեգիայի մեծ և փոքր դահլիճները, ապագա թանգարանը և այլ կարևոր սրահներ։
Ա. Շահբազյանը նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պարբերաբար հյուրընկալում է ուսանողների, ինչը կարող է խթան հանդիսանալ ուսանողների համար՝ ընտրելու դատախազի մասնագիտությունը:
Շրջայցի ավարտին կոլեգիայի դահլիճում ուսանողների հետ հանդիպեց
Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը: Ա. Մարուխյանն ուսանողներին ներկայացրեց դատախազության գործառույթներն ու լիազորությունները, գործնական խնդիրները, ձեռքբերումները, արտասահմանյան փորձը, ինչպես նաև պատմեց գործնականում տեղի ունեցած հետաքրքիր դրվագների մասին։
Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով. ուսանողներն ակտիվորեն ներգրավված էին թեմայի քննարկմանը, պարբերաբար հնչեցնում էին իրենց հուզող հարցերը և կարծիքներ հայտնում այս կամ այն թեմայի վերաբերյալ։
Ա. Մարուխյանը նշեց, որ այն ուսանողների համար, որոնք ցանկանում են հետագայում աշխատել իրավապահ համակարգում, շատ կարևոր է դեռևս առաջին կուրսից մասնակցել նմանօրինակ այցերի և հանդիպումների: Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ապագա իրավաբաններին և հատկապես ապագա դատախազներին, պարոն Մարուխյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ, որ լավ սովորեն, լիարժեք տիրապետեն իրենց մասնագիտությանը՝ իրավագիտությանը, որովհետև միայն հարուստ գիտելիքներով իրավաբանը կարող է դառնալ լավ դատախազ»: Նա նաև հավելեց, որ թեև հետագայում ուսանողները կարող են իրենց գիտելիքները կատարելագործել, սակայն դրանց հիմքը ձեռք է բերվում ուսանող տարիներին, և հենց այդ ձեռքբերումներն են օգնելու պրակտիկ աշխատանքում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԽ իրավական հանձնաժողովի և այս այցի պատասխանատու Կարոլինա Հարությունյանն ասաց, որ Ուսանողական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է այցեր տարբեր մասնագիտական հաստատություններ, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին համալրելու իրենց տեսական գիտելիքները գործնական ոլորտում առկա մոտեցումներով: Նրա հավաստմամբ, այսօրինակ այցերը նպաստում են նոր գիտելիքների ձեռքբերմանը և ապագա մասնագիտացման ուղղությամբ կողմնորոշմանը: Կարոլինան հավելեց, որ այցերը կլինեն շարունակական:
Պատրաստեց Քնար Միսակյանը