- Գլխավոր
- Նորություններ
- «ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՔ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ՝ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ». ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Հունիս 19, 2019 | 16:31
Ուսանողական
«ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՔ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ՝ ՉՎԵՐԱԾՎԵԼՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ». ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը:
Ողջունելով և շնորհավորելով իրավագետներին՝ Գագիկ Ղազինյանը նշեց, որ հաճելի է տեսնել արդեն մասնագիտացում ստացած շրջանավարտների նմանօրինակ պատրաստակամությունն ու համախմբվածությունը:
«Այս 4 տարիները ձեր կյանքի լավագույն տարիներն են եղել: Անկախ նրանից, թե որքան դժվարությունների, խոչընդոտների, դժգոհությունների եք բախվել, միևնույն է, վստահ եղեք, որ այդ թվացյալ դժվարությունները նպաստել են ձեր մասնագիտությանն ավելի պատրաստակամ ու լրջագույնս վերաբերելուն»:
Գ. Ղազինյանը նշեց նաև, որ ֆակուլտետում ստացած հիմնական կրթությունը լավ հիմք է թե՛ գործնական, թե՛ հետազոտական գործունեություն ծավալելու, ինչպես նաև ոլորտում լավ մասնագետ դառնալու համար:
Դեկանը հույս հայտնեց, որ իրավագետներից շատերը կշարունակեն ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, իսկ նրանց, ովքեր այլևս չեն շարունակելու կրթությունը, խորհուրդ տվեց կապը պահել ԵՊՀ-ի հետ:
Մաղթելով շրջանավարտներին անձնական և գործնական հաջողություններ՝ Գագիկ Ղազինյանն ասաց. «Իրավաբանը կամ լավն է լինում, կամ չի լինում ընդհանրապես: Միջակ իրավաբանը չարիք է բոլորի համար, ուստի ձգտեք լինել լավագույնը, քանի որ դուք ներկայացնելու եք ոչ միայն ձեր ընտանիքը, այլև Մայր բուհն ու Իրավագիտության ֆակուլտետը»:
Շնորհավորելով իրավագետներին՝ Արթուր Վաղարշյանն էլ կոչ արեց անընդհատ սովորել, կատարելագործվել և, որ ամենակարևորն է, բարձր պահել իրավաբանի բարոյաիրավական կերպարը. «Դուք պետք է պահպանեք իրավաբանի բարոյաիրավական կերպարը՝ չվերածվելով քաղաքական կցորդի»:
Հարություն Խաչիկյանը, շնորհավորելով բակալավրիատն ավարտած շրջանավարտներին, վստահեցրեց, որ շրջանավարտների հիմնական մասը շարունակելու է ուսումնառությունը:
Ելույթներին անմիջապես հաջորդեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Տեսանյութը ՝ ստորև:
Անգին Խաչատրյան