- Գլխավոր
- Նորություններ
- ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ ՄՆԱԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Մայիս 06, 2019 | 14:49
Կրթություն
ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ ՄՆԱԼՈՒ Է ԵՊՀ-ՈՒՄ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից ապրիլի 26-ից 28-ը կազմակերպվել էր միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով դատախաղ-մրցույթ, որին մասնակցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3 թիմ: Նրանցից մեկը դարձել է մրցույթի հաղթող:
ԿԽՄԿ-ի կողմից կազմակերպված «IHL Moot Court» դատախաղ-մրցույթն իր ձևաչափով տարբերվում է դասական դատախաղ-մրցույթներից. մրցափուլերը մշտապես իրավիճակային են, և թիմերն առաջադրանքները կատարում են մի դեպքում՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, մյուս դեպքում՝ որպես իրավական խորհրդատուներ, մեկ այլ դեպքում՝ որպես պետության ներկայացուցիչներ անվտանգության խորհրդի նիստում և այլն:
Մասնակիցների հավաստմամբ, միայն իրավական գիտելիքները բավարար չեն նմանաբնույթ դատախաղ-մրցույթում հաջողության հասնելու համար. «Անհրաժեշտ է տիրապետել հռետորական արվեստին, լեզվական հմտություններին, կատարել թիմային աշխատանք, գրագետ ելույթ ունենալ, հարգել մրցակցին, կարողանալ հմտորեն բանակցել և այլն»:
Մրցույթը բաղկացած էր երկու փուլից՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլը հաղթահարել էր վեց թիմ, այդ թվում՝ ԵՊՀ-ն ներկայացնող երեք թիմերը՝ «Blitzkrieg», «Themrene», «Nansen»:
«Themrene» թիմի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներ Էդգար Տեր-Հովհաննիսյանը, Վոլոդյա Մազմանյանը և Սոնա Հայրապետյանը, «Nansen» թիմի անդամներն էին երկրորդ կուրսի ուսանողներ Արման Հակոբջանյանը, Ժենյա Բարսեղյանը և Ջուլիա Օհանյանը, իսկ «Blitzkrieg» թիմի կազմում էին երկրորդ կուրսի ուսանող Գարեգին Պապոյանը, չորրորդ կուրսի ուսանող Դավիթ Բակլաչյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Թագուհի Փարեմուզյանը:
Մրցույթի չորս փուլերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել ԵՊՀ-ն ներկայացնող «Blitzkrieg» և Հայաստանում Ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) ներկայացնող «Mens rea» թիմերը: Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Blitzkrieg» թիմը:
Փոխանցիկ գավաթն այս տարի նույնպես մնաց ԵՊՀ-ում, իսկ թիմի անդամները հնարավորություն ստացան Եվրոպայի ամառային դպրոցներից մեկում նոր գիտելիքներ ձեռք բերելու, ինչը կօգնի նրանց բարձրացնել մասնագիտական պատրաստվածության աստիճանը և հետագայում հասնել նորանոր հաջողությունների:
Պատրաստեց Քնար Միսակյանը