- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՊԱՐՏ ԵՂԵՔ, ՈՐ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԵՔ». ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունիս 25, 2019 | 15:05
Ուսանողական
«ՀՊԱՐՏ ԵՂԵՔ, ՈՐ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԵՔ». ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2018-2019 թթ. կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց մեծ ձեռքբերումներ և հաջողություններ: «Մենք միշտ հպարտացել և հպարտանում ենք մեր ուսանողներով: Ես ներքին համոզմունք ունեմ, որ մեր շրջանավարտների ճնշող մեծամասնությունը կկայանա որպես մասնագետ: Մեր սիրելի՛ շրջանավարտներ, ես ձեզ ցանկանում եմ երջանիկ կյանք, մասնագիտությունից առավել կարևոր է, որ դուք կյանքում լինեք երջանիկ: Ցանկանում եմ, որ ունենաք լավ ընտանիք, հավատ ապագայի նկատմամբ, միշտ վստահեք ձեր ուժերին»,- հավելեց նա:
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, մաղթելով շրջանավարտներին անձնական և գործնական հաջողություններ, ասաց. «Բարձր պահեք այն կոչումը, որը տրվում է այսօր: Դուք որակյալ շրջանավարտներ եք, և վստահ եմ, որ կայանալու եք ձեր իսկ ընտրած մասնագիտական ոլորտում: Հպարտ եղեք, որ ԵՊՀ շրջանավարտ եք»:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Նելլի Ալավերդյանը նշեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետության համար ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայել՝ ուսանողներին փոխանցելով իրենց մասնագիտական կարողությունները և հմտությունները, որոնցով նրանք կկարողանան առաջնորդվել. «Ես ձեզ մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»:
Շնորհավորական խոսքերից հետո շրջանավարտները հանդիսավոր ստացան իրենց դիպլոմները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան