- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՍՏՂԱԴԻՏՄԱՆ
Մայիս 27, 2019 | 12:29
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՍՏՂԱԴԻՏՄԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ), համագործակցելով Ֆիզիկայի ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների հետ, մայիսի 26-ին, համատեղ ջանքերով, կազմակերպել էր գիտաճանաչողական այց-էքսկուրսիա Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ռեբեկա Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այցին մասնակցել է համալսարանի շուրջ 50 ուսանող տարբեր ֆակուլտետներից: «Այցը վաղուց էինք նախատեսել, քանի որ բազմաթիվ ուսանողներ ցանկություն էին հայտնել լինելու Բյուրականի աստղադիտարանում՝ ծանոթանալու մեծ դիտակի կառուցվածքին և մասնակցելու աստղադիտման»,- ասաց նա և հավելեց, որ նման էքսկուրսիաները հնարավորություն են ընձեռում տարբեր ֆակուլտետների ուսանողներին շփվելու միմյանց հետ, ձեռք բերելու բազմաթիվ ընկերներ, ինչպես նաև զինվելու նոր գիտելիքներով:
Գիտաճանաչողական այց-էքսկուրսիայի առաջին կանգառը Վ. Համբարձումյանի տուն-թանգարանն էր, որտեղ ուսանողներին դիմավորեց թանգարանի աշխատակից Փիրուզա Փիլիպոսյանը և ներկայացրեց գիտնականի կյանքն ու գիտական գործունեությունը:
Այնուհետև ուսանողները Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում ծանոթացան մեծ դիտակի կառուցվածքին, իսկ երեկոյան նրանց համար կազմակերպվեց աստղադիտում: Մեծ դիտակի կառուցվածքն ուսանողներին ներկայացրեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Կամո Գիգոյանը, որը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին և սպառիչ պատասխաններ տվեց:
«Բյուրականի աստղադիտարանն ունի հինգ դիտակ: Դրանցից ամենանորը և ամենախոշորը 1976 թվականից շահագործվող, 2.6 մ հայելու տրամագծով դիտակն է, այն վերջերս է արդիականացվել, որի արդյունքում դիտումները դարձել են ավելի հեշտ ու հետաքրքիր»,- ներկայացրեց նա:
Կամո Գիգոյանի խոսքով, շատ հաճելի է, որ ուսանողները հետաքրքրված են Բյուրականի աստղադիտարանի դիտակների կառուցվածքով. «Համոզված եմ, որ դասերից դուրս ուսանողները ստացան լրացուցիչ գիտելիքներ, որոնք իրենց կյանքի տարբեր ոլորտներում գուցե անհրաժեշտ լինեն»:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ռեբեկա Գևորգյանը, պատմելով այցի տպավորությունների մասին, նշեց, որ գիտաճանաչողական այց-էքսկուրսիայի ընթացքում ամենատպավորիչը երեկոյան կազմակերպված աստղադիտումն էր, որի ընթացքում ուսանողները տեսան Լուսնթագ (Յուպիտեր) ու Երևակ (Սատուրն) մոլորակները:
Ուսանողները գիտաճանաչողական այց-էքսկուրսիայի ընթացքում այցելեցին նաև Ամբերդ ամրոց և Տեղերի վանք:
Նադեժդա Տեր-Աբրահամյան