- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մայիս 27, 2019 | 17:00
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանը մայիսի 23-ին «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում այցելել է «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերություն:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից և իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:
«Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության այցի շրջանակում ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, «Ոռոգման համակարգի մասնակցային կառավարման թափանցիկության և արդյունավետության ընդլայնում» ենթադրամաշնորհառու Օլիմպիա Գեղամյանը կազմել է զեկույց՝ ընդգծելով ՋՕԸ-ի դրական կողմերը և գործունեության օրինակելի դրույթները:
«Հաջողության պատմությունները երբեք հեշտությամբ չեն ստեղծվում, դրանք կոլեկտիվ գործունեության արդյունք են: Անկախ հաջողության ոլորտից, դրան հասած անձի սեռից կամ տարիքից՝ յուրաքանչյուր հաջողված պատմություն պետք է բավարարի որոշակի պահանջների, որոնցից են նպատակասլաց ու հետևողական աշխատանքը, համառությունն ու համբերատարությունը: Հաջողության հասնելու համար երբեմն պահանջվում է երկարատև ժամանակ»,- մեզ հետ զրույցում ասաց Օլիմպիա Գեղամյանը:
Նա պատմեց, որ «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին. «Ընկերությունը սկզբնական շրջանում կանգնած է եղել լուրջ դժվարությունների առջև, որովհետև հիմնական ջրամատակարարումն իրականցվել է մեխանիկական եղանակով, պոմպակայանները եղել են հին և ֆիզիկապես մաշված, խափանումների հաճախականությունը եղել է մեծ, ինչի պատճառով հաճախ խախտվել է կայուն ջրամատակարարումը: Բնականաբար, այդ ամենը տեղի է տվել ջրօգտագործողների արդարացի դժգոհություններին: Ներկայումս այն սպասարկում է 25 համայնքներ, ջրօգտագործողների քանակը մոտ 5700 է»:
«Ընկերությունում ջրամատակարարումն իրականացվում է սահմանված ժամանակացույցերին համապատասխան: Բոլոր տեխնիկապես հնարավոր տեղերում տեղադրվել են ջրաչափեր: Ընկերությունն ունի նաև ուլտրաձայնային և «Յարցև» տիպի շարժական ջրաչափեր, հետևաբար ջրաչափության դժվարություններ չկան: Մեծ հեռավորությունների վրա գտնվող հիդրոհանգույցներում ներդնելով արտասահմանյան առաջատար փորձը՝ տեղադրվել են հեռակառավարման վահանակներ, որով ջրամատակարարումը դարձնում են հեշտ կառավարվող և քիչ ծախսատար»,- ասում է Օլիմպիա Գեղամյանը:
Նրա հավաստմամբ, ընկերությունը ջրօգտագործողներին ջուրը մատակարարում է պայմանագրային հիմումքներով. «Բոլորն ունեն պայմանագրի իրենց օրինակը, որտեղ առկա են հեռախոսահամար, ինչը կարևոր է անմիջական կապի ապահովության համար»:
«Ջրօգտագործողներին այս ընկերությունն աշխատում է անդորրագրերով: Այսինքն՝ գումար առձեռն չի գանձում, այլ փոստի կամ բանկի միջոցով: Անդորրագիրը ստորագրում են երկու կողմերը, որի մեկ օրինակը մնում է ջրօգտագործողի, մյուսը՝ ջրբաշխի մոտ, և ջրօգտագործողն ընթացքում արդեն իսկ հստակ պատկերացնում իր օգտագործած ջրի քանակն ու վճարման ենթակա գումարի չափը»,- փաստում է Օլիմպիա Գեղամյանը:
«Ընկերությունը մեծ աշխատանքներ է կատարում նոր տեխնոլոգիաների ներդրման բնագավառում: Ինտենսիվ խաղողագործության և պտղաբուծության բնագավառներում ներդրվում է կաթիլային ոռոգման նոր համակարգ, որով ապահովում են կայուն ջրամատակարարում և արդյունքում խնայվում է մեծ քանակությամբ ոռոգման ջուր»,- ասում է նա:
Նրա փոխանցմամբ, ջրաչափությունը յուրաքանչյուր ՋՕԸ-ում ամենամեծ խնդիրներից է. «Լուծումը գտել են հետևյալ կերպ. տնամերձերում պահանջի բացակայության դեպքում ջրաչափություն չեն անում, այլ առաջնորդվում են գյուղատնտեսական մշակաբույսերի նորմերով: 3 հեկտար և ավելի հողամասերի համար բոլոր հնարավոր տեղերում տեղադրվում են ջրաչափեր»:
«Ջրաչափության հետևանքով շատերն անցել են կաթիլային ոռոգման, որի արդյունքում և՛ ջուրն է խնայվում, և՛ էներգիան: Այսինքն՝ կանոնավոր ոռոգման արդյունքում ՋՕԸ-ն իր վարքագծով կարծես թե ստիպել է, որ ջրօգատգործողներն իրենք ձգտեն համապատասխան աշխատանքներ իրականացնելու, որ խնայեն ջուրը»,- ասաց Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբանը:
Նա ասաց, որ ՋՕԸ-ն ունի լավ կազմակերպված վարչական խորհուրդ, որտեղ կան 4 տասնյակից կազմված ներկայացուցիչների ժողով և լավ կազմակերպված վարչական խորհուրդ, որտեղ ներգրավված են 6 անձ. «Բոլոր համայնքները ներկայացված են: Տարեկան մեկ կամ երկու անգամ հրավիրվում է ժողով: Տարվա սկզբին հրավիրվում է բյուջեն հաստատելու հարցերի քննարկման համար, տարեվերջում էլ՝ համապատասխան աշխատանքներն ամփոփելու»:
«Բացի դրանից՝ բավականին արդյունավետ իրականացնում է իր գործառույթը Վեճեր լուծող հանձնաժողովը: Բազմիցս դիմումներ են եղել համապատասխան վեճերի լուծման համար, հրավիրվել են նիստեր, կազմվել արձանագրություններ: Իհարկե, մեծ թիվ չեն կազմում այդ վեճերը, բայց իրավաբանի միջամտությունը նպաստում է դրանց հարթ լուծմանը: Ընկերության հաջողությունը թիմային աշխատանքն է, որտեղ յուրաքանչյուրն իր տեղում ու դերում է: Աշխատաոճը պարզ ու թափանցիկ է: Ամեն ինչ անում են, որ լուծեն իրենց ընտրած ու վստահած մարդկանց խնդիրները: Փորձում են առաջնորդվել միայն համապատասխան օրենսդրությամբ»:
Օլիմպիա Գեղամյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այս հաջողությունը ու դրան հասնելու ձգտումը վարակիչ կլինեն այլ Ջրօգտագործողների ընկերությունների համար:
Քնար Միսակյան