- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
Հունիս 06, 2019 | 14:52
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԿՈՑՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԵՎՈՐ ՍՈՒԼՖՈՆՆԵՐԸ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ իրականացվող «Մարտկոցներում կիրառվող կարևոր սուլֆոնների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլսուլֆոնների քվանտաքիմիական և փորձարարական ուսումնասիրությունները» խորագրով թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
Մեզ հետ զրույցում Լիանա Գաբրիելյանը փաստեց, որ նախագծի հիմնական նպատակն է սուլֆոնների դասին պատկանող, քիչ ուսումնասիրված անդամների` էթիլմեթիլ-, տետրամեթիլեն-, դիֆենիլ- և դիբութիլ սուլֆոնների փորձնական և տեսական ուսումնասիրությունը` գնահատելու դրանց կիրառության հեռանկարը լիթիումական մարտկոցներում. «Սուլֆոնները խոստումնալից բևեռային ապրոտոնային լուծիչներ են, որոնք կարող են կիրառվել գիտության և քիմիական տեխնոլոգիայի տարբեր ոլորտներում, մասնավորապես լիթիումական մարտկոցների հետազոտություններում»:
Գիտական խմբի կողմից մակրոսկոպիական և միկրոսկոպիական մոտեցումներով ուսումնասիրվում են ինչպես մաքուր սուլֆոնները, այնպես էլ դրանց բինար խառնուրդները տարբեր օրգանական համալուծիչների հետ, ինչպես նաև լիթիումի աղերի լուծույթներն այդ լուծիչներում:
«Նախագիծն իրականացնելիս օգտագործվում են ինչպես տեսական քվանտաքիմիական մեթոդներ (Gaussian 09 ծրագրային փաթեթը), այնպես էլ փորձարարական մեթոդներ՝ ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա (ԻԿ), դիէլեկտրիկ ռելաքսացիայի սպեկտրոսկոպիա (ԴՌՍ), կիրականացվեն էլեկտրահաղորդականության և մակերևութային լարվածության չափումներ` բացահայտելու վերոհիշյալ համակարգերի կառուցվածքային, տատանողական, թերմոդինամիկական և էլեկտրաքիմիական հատկությունները»,- մեզ հետ զրույցում նշեց Լիանա Գաբրիելյանը:
Դոցենտի հավաստմամբ, այդ համակարգերի կառուցվածքային, դիէլեկտրիկ և այլ հատկությունների իմացությունը կօգնի գնահատելու դրանց հնարավոր կիրառումը լիթիում-իոնային մարտկոցներում. «Մասնավորապես էթիլմեթիլսուլֆոնը (ԷՄՍՕ2) և տետրամեթիլենսուլֆոնը (ՏՄՍ), շնորհիվ բարձր դիպոլ մոմենտների և բարձր դիէլեկտրիկ թափանցելիության արժեքների, լիթիումական մարտկոցներում կիրառելի էլեկտրոլիտային միջավայրեր են»:
Լիանա Գաբրիելյանի փոխանցմամբ, այս նախագիծը հանդիսանում է Ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնում իրականացվող հետազոտությունների շարունակությունը:
Գիտական խմբի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած առկա ուսումնասիրություններին` սուլֆոնների շարքի համակարգված տեսական ուսումնասիրությունը` պարզելու այդ միացությունների տարբեր հատկությունների և դրանց կառուցվածքային առանձնահատկությունների միջև կապը, երբեք չի իրականացվել. «Նշված բացթողումը լրացնելու համար սուլֆոնների շարքի համար համեմատական կարգով անհրաժեշտ է իրականացնել կոնֆորմացիոն և բնակեցվածության բաշխման վերլուծություն, տատանողական մոդերի վերագրումներ, թերմոդինամիկական մեծությունների հաշվարկ, սոլվատացման և իոնների կոորդինացման ունակության գնահատում, և մեր նախագծի խնդիրն է պատասխանել առնվազն այդ հարցերին»:
Լիանա Գաբրիելյանը նշեց, որ պրոտոնային լուծիչների բինար խառնուրդները ևս հետազոտվելու են. «Որոշ դեպքերում բինար լուծիչներն ավելի գերադասելի են, և մեր նախագծի շրջանակում նախատեսվում է ընտրված սուլֆոն/համալուծիչ զույգերի մանրակրկիտ ուսումնասիրությունը»:
Նա փաստեց նաև, որ նախագծի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը Բայրոթի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Է. Ռոսսլերի հետ, որի լաբորատորիան նշանակալից դիրք է գրավում դիէլեկտրիկ ռելաքսացիայի սպեկտրոսկոպիայի բնագավառում, ինչպես նաև Զաարլանդի համալսարանի (Գերմանիա) ֆիզիկական և տեսական քիմիայի ինստիտուտի պրոֆեսոր Մ .Շպրինգբորգի հետ՝ տեսական քվանտաքիմիական ուսումնասիրությունների շրջանակում. «Նախատեսվում է նաև մասնակցություն տարբեր միջազգային գիտաժողովներին:
Տեղեկացնենք, որ Լիանա Գաբրիելյանի ղեկավարությամբ հետազոտություն իրականացնող գիտական խմբի անդամներն են քիմ. գիտ. թեկնածու Զաքար Պապանյանը, ասպիրանտ Աշոտ Մխիթարյանը և մագիստրոս Վիկտորյա Մանուչարյանը:
Քնար Միսակյան