Նադեժդա Տեր-Աբրահամյան
- Գլխավոր
- Նորություններ
- 2018. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվարի 12-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայաստան-Իրան բարեկամության լսարան»-ի բացումը: Այս լսարանը նպաստելու է երկու երկրների միջև կապերի ընդլայնման ու զարգացման գործընթացին:
Մարտի 21-ին ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբն Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ անցկացրեց դահլիճային ժայռամագլցման բաց առաջնություն: Առաջնությունն անցավ 2 փուլով, մասնակցեց 83 ժայռամագլցող:
Մարտի 27-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Ֆակուլտետային գիտաժողովի թեմատիկ ուղղություններն էին ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերն արդի ժամանակաշրջանում, հայ դիվանագիտության պատմությունը (նորագույն շրջան) և տարածաշրջանային քաղաքական գործընթացներն արդի փուլում:
Ապրիլի 13-ի Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները Երևան հասնելուն պես քայլերն ուղղեցին դեպի Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք:
Ապրիլի 16-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացման արարողությունը։ Հայաստանում առաջին անգամ անցկացված սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 31 երկրի մոտ 300 մարզիկ:
Մայիսի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների թոռների ու ծոռների հետ։Հանդիպումը հանրությանը և հատկապես համալսարանականներին տրված բացառիկ հնարավորություն էր ճանաչելու Հայաստանի Առաջին Հանրապետության հայտնի գործիչների ժառանգներին, ինչպես նաև անձամբ նրանցից լսելու ընտանեկան պատմությունները և ուշագրավ հիշողությունները:
Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը: Պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի նամականու գրքի շնորհանդեսը կազմակերպվեց ՀՀ հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանի Հանրապետություն-100» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:
Մայիսի 27-ից հունիսի 6-ն անցկացվեց հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային խոշոր գիտաժողով: Գիտաժողովի կարևոր նպատակն էր նպաստել Հայաստանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը մաթեմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար:
Մայիսի 29-ին «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը մի շարք պահանջներով բողոքի ակցիա իրականացրեց: Օրակարգային և մի շարք այլ հարցերի վերաբերյալ քննարկում անցկացնելու համար ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց բողոքող ուսանողների հետ և պատասխանեց նրանց հարցերին:
Հունիսի 7-ին տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:
Հունիսի 13-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալեց Նյու Յորքի Սիրակյուզի համալսարանի տպագիր և առցանց լրագրության ֆակուլտետի դասախոս, գրող Շերիլ Ռիդին և նրա ամուսին, «Chicago Tribune» թերթի նախկին խմբագիր Գրեգորի Ստրիչարչուկին:
Հունիսի 15-ին ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը համալսարանում հանդիպեց Թյուրքագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում թուրք հայտնի պատմաբանը հանդես եկավ «Փաստեր, ճշմարտություն, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը» թեմայով դասախոսությամբ:
Հուլիսի 2-ին ԵՊՀ-ում մեկնարկեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների 7-րդ փառատոնը: Համալսարանն իր հարկի տակ հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին հանդիպման մասնակիցներին պատմեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մասին՝ ներկայացնելով դրա կառուցվածքը, առաքելությունը և հիմնական գործունեությունը:
Սեպտեմբերի 18-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալեց հայազգի գերմանաբնակ հրապարակախոս, հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլին:
Սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Հոկտեմբերի 11-13-ն անցկացվեց «Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»: Իրանական լեզվաբանության միջազգային գիտաժողովը (ICIL) միտված էր լեզվաբաններին ու բանասերներին աշխարհի բոլոր ծայրերից համախմբել իրանագիտության շուրջ:
Հոկտեմբերի 15-ին մեկնարկեց «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային երկօրյա սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր «Erasmus+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում:
Հոկտեմբերի 17-ին ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
Հոկտեմբերի18-ին մեկնարկեց ««Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության 5 տարին. հայ-չինական համագործակցության նոր հեռանկարները» խորագրով գիտաժողովը: Այս գիտաժողովի նպատակն էր նպաստել երկու երկրների տնտեսական և մշակութային առաջընթացին:
Հոկտեմբերի 22-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը: Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» աշխատության գերմաներեն թարգմանության հեղինակը Անի Մկրտչյանն է:
Հոկտեմբերի 26-ին Մշակույթի կենտրոնում բեմադրվեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը, որի հիմքում Վարդգես Պետրոսյանի համանուն ստեղծագործությունն էր:
Հոկտեմբերի 30-ին Արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը:Կենտրոնի հիմնական առաքելություններից է գիտահետազոտական գործունեություն իրականացնելը, որը հնարավորություն կտա ուսանողներին առավել որակյալ գիտելիքներ ձեռք բերելու արաբագիտության ոլորտում:
Նոյեմբերի 1-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Ֆարմացիայի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 75 և ԵՊՀ 100-ամյակներին:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «Կառուցել ազգեր և պետություններ ցնցումների համատեքստում» խորագրով գիտաժողովը: Ելույթները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգությանը, առաջնորդությանը, երկրների հակազդեցությանը, ինչպես նաև այդ ամենի ընթացքում պետությունների կառուցման գործընթացին:
Նոյեմբերի 9-ին նշվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակը, ինչպես նաև մեկնարկեց Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, հյուրեր հայաստանյան և միջազգային գործընկեր կառույցներից:
Նոյեմբերի 14-ին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվեց չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը: Հանրակացարանի վերանորոգումը կատարվել է ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի՝
համալսարանին կտակված գումարի և ԵՊՀ-ի միջոցների հաշվին:
Նոյեմբերի 23-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը, ներգրավելով Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի ներկայացուցիչներին, Արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպեց «Ի՞նչ անել» գիտագործնական խորհրդաժողով, որը նվիրված էր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնախնդիրներին: Խորհրդաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական եռօրյա գիտաժողովի բացման արարողությունը։ Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները:
Դեկտեմբերի 6-ին մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը, որին զեկուցումներով հանդես եկավ 55 երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ:
Դեկտեմբերի 10-ին համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, որն իր դասախոսության ընթացքում խոսեց 21-րդ դարում տեղի ունեցող ցեղասպանությունների մասին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան