- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Սեպտեմբեր 29, 2021 | 13:26
Գիտություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ 11 ԹԵՄԱ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ ֆինանսավորման երաշխավորված 29 թեմաներից 11-ը ներկայացված են ԵՊՀ-ից:
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Ասպիրանտներին անհատական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ կտրամադրի մրցութային կարգով ընտրված թեմաներին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ ֆինանսավորման երաշխավորված 11 թեմաների ճնշող մեծամասնությունը ներկայացրել են առաջին կուրսի ասպիրանտները: Նա տեղեկացրեց, որ մրցույթը հայտարարվել է բոլոր ուղղություններով՝ բացառությամբ հայցորդների դեպքում, որոնց համար մրցույթը հայտարարվել է միայն բնագիտական ուղղությամբ:
«Այնուամենայնիվ, ներկայացված թեմաներից ֆինանսավորման են երաշխավորվել բնագիտական ուղղություն ներկայացնողները՝ պայմանավորված մրցույթի չափորոշիչներով»,- ասաց Երանուհի Մանուկյանը և պարզաբանեց, որ այդ չափորոշիչներից է եղել, օրինակ, անգլերենի իմացությունը հաստատող, անկախ վավերականության ժամկետից, պաշտոնական հավաստագիրը` «TOEFL» iBT(120)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 79 միավորը կամ «IELTS»(9)-ի դեպքում՝ ոչ պակաս, քան՝ 6.5 միավորը:
Բացի դրանից՝ մրցույթի պահանջվող պայմաններից էր այն, որ վերջին 5 տարվա կտրվածքով, գիտական ղեկավարը պետք է ներկայացներ առնվազն մեկ գիտական հոդված՝ ազդեցության գործակից ունեցող գիտական ամսագրում, ինչն էլ, Գիտական քաղաքականության վարչության պետի տեղեկացմամբ, հումանիտար և հասարակագիտական ոլորտում հետազոտություն իրականացնող ասպիրանտներին խոչընդոտել է հաղթել մրցույթում:
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, Երանուհի Մանուկյանի հավաստմամբ, բավականին օգտակար է, քանի որ ֆինանսավորումը, որը տրվում է և՛ գիտական ղեկավարին, և՛ ներկայացված թեմայի հեղինակին, մեծապես աջակցում է երիտասարդներին՝ նպաստելով իրենց հետազոտությունների արդյունավետ իրականացմանը:
Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Քնար Միսակյան