- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՍՈՒՐԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻՑ Է
Հոկտեմբեր 01, 2018 | 14:21
Կրթություն
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՍՈՒՐԵՆ ԱԲԱԶՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԻՑ Է
Ես ԵՊՀ ուսանող Սուրեն Աբազյանն եմ:
Ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում: Ամեն անգամ, երբ գյուղ եմ գնում, կանգնում եմ գյուղի մոտակայքում գտնվող բարձր բլրի վրա ու նայում եմ սահմանին՝ տեսնելու, թե ինչքան է հակառակորդն առաջ եկել:
Նախնական կրթությունս ստացել եմ մեր գյուղում:
Ուսումս շարունակելու համար ընտրեցի ԵՊՀ-ն, ընդունվեցի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ: Ընտրեցի ԵՊՀ-ն, քանի որ համալսարանի վարկանիշը բարձր է: Բացի այդ՝ ինձ խորհուրդ է տվել քույրս, և ես հետևել են նրա օրինակին: Նա նույնպես սովորում է Երևանի պետական համալսարանում: Հիմա ես սովորում եմ Քարտեզագրություն և գեոմորֆոլոգիայի բաժնում: Առաջին կուրսում զորակոչվել եմ բանակ, ծառայել եմ ու ետ վերադարձել իմ ֆակուլտետ: Այժմ սովորում եմ երկրորդ կուրսում:
Համալսարանում թե՛ կրթության որակը, թե՛ ուսանողների հանդեպ յուրահատուկ մոտեցումը ես բավականին բարձր եմ գնահատում: Հենց օրինակ՝ սահմանամերձ գյուղերում ապրող ուսանողների հանդեպ վերաբերմունքն այլ է. որպես սահմանամերձ գյուղի բնակիչ՝ ես անձամբ ունեմ զեղչ:
Իհարկե, գյուղը կարոտում եմ: Գյուղում ամեն բան հետաքրքիր է: Օրինակ՝ մեր դպրոցն ուներ ընդամենը 30 աշակերտ, իսկ մեր դասարանում սովորում էր 4 աշակերտ՝ երկու տղա և երկու աղջիկ: Փոքր ժամանակ իմ բոլոր երազանքները մեր գյուղին էր վերաբերվում: Հստակ գիտեի՝ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ պետք է օգտակար լինեմ իմ ծննդավայրին:
Ավարտելուց հետո մտածում եմ գյուղ վերադառնալու մասին: Եթե հնարավորություն լինի, մեծ հաճույքով կգնամ, բայց հիմա, ցավոք, հնարավորություն չկա: Հնարավորություն չլինելը կապված է աշխատատեղեր չլինելու հետ, իսկ աշխատատեղեր չլինելու պատճառը պատերազմական վիճակն է. գյուղի շատ մոտ է սահմանին, ուղիղ նշանառության տակ է, կրակոցները շատ են:
Մեր գյուղն իմ համար սրբություն է: Պատերազմի ժամանակ հայրս է այն պաշտպանել: Ինչ էլ պատահի, ինչով էլ որ զբաղվեմ, մի բան հստակ է՝ ամեն ինչ անելու եմ, որ մեր գյուղը հանկարծ չդատարկվի:
Պատրաստեց
Մարինե Առաքելյանը