- Գլխավոր
- Նորություններ
- ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ապրիլ 01, 2019 | 11:17
Հասարակություն
ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ի՞նչ դաստիարակչական մեթոդներով են գեղարվեստական գրքերի հերոսները դաստիարակում իրենց երեխաներին։
Բացի երեխաների մասին դաստիարակչական գրքերից ու բազմաբնույթ սեմինարներից` ճիշտ դաստիարակության մասին տեղեկություն և գործնական օրինակ կարելի է վերցնել գեղարվեստական գրականությունից։
Կապվածության տեսությունը Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում:
Քննելով այս վեպն ուսումնադաստիարակչական տեսանկյունից՝ կարելի է նկատել, որ Լև Տոլստոյը ծանոթ է եղել կապվածության տեսությանը մինչ դրա մասին մասնագետների խոսելն ու գրքեր հրատարակելը։ Որպեսզի երեխան լինի երջանիկ, ինքնավստահ ու հուզապես կայուն, նրան անհրաժեշտ է ամուր կապ և շփում ծնողներից որևէ մեկի հետ։ Ավելի հստակ՝ եթե երեխայի դաստիարակության մեջ մասնակցություն ունի սիրող և հոգատար ծնողը, ապա նա հուզականորեն կայուն կլինի, եթե ոչ, ապա սպասեք ճիշտ հակառակ երևույթին։ Սա բացատրելու համար քննենք վերոնշյալ վեպում գործող երեք ընտանիքների օրինակները։
Անատոլ և Էլեն Կուրագինները թեև մեծացել են բազմաթիվ դաստիարակների հսկողության ներքո, ունեցել են այն ամենը, ինչ ցանկացել են, ու ոչնչի կարիք չեն զգացել, երբեք լավ հարաբերություն չեն ունեցել իրենց հոր հետ, որի հետևանքով վեպում գործում են երեսպաշտ, ուրիշների զգացումների հետ խաղացող մարդիկ, որոնք պարզապես ընդունակ չեն երջանիկ լինել։
Ուրիշ իրավիճակ է Բալկոնսկիների ընտանիքում։ Իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկին միշտ զբաղվում է իր երեխաների դաստիարակությամբ, սակայն տարբեր չափաբաժիններով է բաշխում իր սերը։ Անդրեյ Նիկոլաևիչ Բալկոնսկին ի վերջո դառնում է կանանց սիրելի, ուժեղ և ազնվազարմ տղամարդ, իսկ Մարիա Նիկոլաևնան մեծանում է ինքնամոռաց, բարի և հասարակ աղջնակ, որը, հոր կողմից բավարար ուշադրության չարժանանալով, դառնում է անինքնավստահ և դժբախտ։
Ռոստովներն այս պատմության մեջ հենց այն կատարյալ ընտանիքն են, որոնցից սերված երեխաները սիրելի են, բայց ոչ երես առած։ Նրանք, իհարկե, անթերի չեն, սակայն հոգեպես կայուն են և զրկված չեն իրավացի դատելու կարողությունից։
Չափազանց հոգատար վերաբերմունքի կործանիչ հետևանքներն Իվան Գոնչարովի «Օբլոմով»-ում և Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն»-ում:
Պետք չէ միանշանակ ընդունել տարածված կարծիքը, որ Իլյա Օբլոմովը տիպիկ ռուս էր։ Նա տիպիկ զոհն էր հոգատար վերաբերմունքի։ Սա հաստատելու համար քննենք վեպի այն հանգուցային դրվագը, երբ հերոսը երազ է տեսնում Օբլոմովկայում անցկացրած իր մանկության մասին։
Նրա մանկությունը լի էր սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ։ Սակայն յուրաքանչյուր չարաճճիություն, ինչ-որ բան բացահայտելու ցանկություն կամ փորձ միանգամից արմատախիլ էին արվում հոգատար դայակի կամ մոր կողմից։ Նրանց կարծիքով, տղան դեռ պատրաստ չէ արտաքին աշխարհի հետ որևէ հարաբերություն ունենալ՝ «իսկ եթե մրսի …, իսկ եթե վնասի իրեն, իսկ եթե …»։ Արդյունքում՝ աշխույժ և ժիր մանուկը նստակյաց կյանք է վարում՝ ընդունակ չլինելով որևէ որոշիչ քայլ անելու և անընդհատ երազում է։
Իսկ ահա նրա ընկեր Անդրեյ Շտոլցը, որը նույնպես սիրելի երեխա էր տանը, զրկված չէր ինքնուրույնությունից և չէր նախատվում իր ամեն նախաձեռնության համար։ Հետագայում մենք տեսնում ենք, որ այս տղան դառնում է գործարար և ճանապարհորդում ամբողջ աշխարհով։ Հետաքրքիր է, որ Իվան Գոնչարովը նշում է, որ Շտոլցի մայրն ուրախ կլիներ միշտ պահել երեխային իր կողքին, սակայն հայրը զսպում էր նրա այդ ցանկությունը։
Տիկին Ռաքենի հոգատար վերաբերմունքն իր տկար որդու նկատմամբ դարձնում է վերջինիս եսասեր, ինքնահավան ու միայն իր բարեկեցության մասին մտածող։ Իսկ ահա Թերեզը, որը, կատարյալ առողջ լինելով, ստիպված ողջ մանկությունն անցկացնում է հիվանդի կարգավիճակով, վերածվում է հիվանդի, կորցնում է մաշկի վառ գույնն ու սկսում քայլել անձայն ուրվականի պես, մինչև սիրելի տղամարդուն հանդիպելը։
«Բռնությունը մեթոդ չէ»․ Մաքսիմ Գորկի և Գուրգեն Մահարի
Դասական գրականությունը լի է երեխաների մանկությունը նկարագրող տեսարաններով, որոնք երբեմն ինքնակենսագրական են լինում։ Մաքսիմ Գորկու «Մանկություն» և «Մարդկանց մեջ» կենսագրական ստեղծագործություններում մենք հանդիպում ենք չափազանց դաժան պապի կերպարին, որը ծեծելով մահվան շեմն է հասցնում խեղճ երեխային, վերջինս հետագայում նույնպես դաժան վերաբերմունքի է արժանանում։ Սա է պատճառը, որ գրողն ամբողջ կյանքում տանջվում է հոգական շեղումներով, 19 տարեկանում փորձում ինքնասպանություն գործել։
Համընթաց կարելի է քննել նաև Գուրգեն Մահարու «Մանկություն» վեպը, որի հերոսի մանկությունը, ի տարբերություն Գորկու պատմվածքի, անցել է բավականին խաղաղ ու ջերմ: Նա հորը գրեթե չի հիշում, իսկ մոր հետ շատ քիչ ժամանակ է անցկացնում։ Տատի պատմություններն ու գյուղի կյանքը Մահարու հերոսի մոտ զարգացնում են երևակայությունն ու ձգտումը, իսկ Մահարի գրողին ստեղծագործական պաշար են տալիս ու դարձնում նրա հերոսներին ռեալիստական ու կերպարային առումով համոզիչ։
Հարպեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը»․ դաստիարակություն՝ սեփական օրինակով
Եթե ընտրելու լինենք վեպերի ամենադրական հերոսին, ապա շատերը կտան Ատտիկուս Ֆինչի անունը։ Իհարկե, մենք նրան համակրում ենք, քանի որ դիտում ենք սիրող և հորն իդեալականացնող դստեր տեսանկյունից, բայց Ատտիկուսը բարոյապես անաղարտ է։ Նա միայնակ մեծացնում է երկու երեխա, հոգ է տանում նրանց մասին, թողնում է, որպեսզի նրանք ինքնուրույն բացահայտեն շրջակա աշխարհը։
Նա աջակցում է երեխաներին, իսկ սխալի դեպքում գտնում է դաստիարակության ճիշտ ձևը։ Ատտիկուսն ուժեղ անձնավորություն է, որն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական համոզմունքներին ու մարդ մնալ յուրաքանչյուր իրավիճակում։ Այս դաստիարակության շնորհիվ պարզ է դառնում, թե ինչպիսի մարդիկ կլինեն նրա երեխաները։
Դաստիարակել ոգի դեռ օրորոցում․ Րաֆֆի
Իմանալով պատմական ժամանակաշրջանն ու Րաֆֆու նպատակը՝ պարզ է, որ ամենակարևորը երեխային պայքարող դարձնելն է։ Նա երկրի ապագան կապում էր կրթված ու գիտակից մայրերի հետ, որոնք դեռ օրորոցից պետք է իրենց որդուն զինվոր դաստիարակեն, այլ ոչ թե հնազանդ հպատակ։
Գրականության մեջ համոզիչ հերոս կերտելը դժվար է, սակայն երբ քննում ենք հերոսի մանկությունը (եթե այն առկա է), տեսնում ենք նրա հետագա քայլերը բացատրող պատասխաններ։ Գրականության դասականները նաև հոգեբաններ են, որոնց ստեղծագործությունները կարող են օրինակ ծառայել իրական կյանքում։
Մարինա Առաքելյան