- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ . ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Նոյեմբեր 28, 2018 | 17:57
Ուսանողական
ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ . ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
«Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեմայի մասին այսօր իրենց տեսակետը ներկայացրին ապագա միջազգայնագետները:
Տեղեկացնենք, որ միջֆակուլտետային բանավեճի առաջնության կազմակերպիչը ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի բանավեճի ակումբն է:
ԵՊՀ բանավեճի առաջնության գլխավոր նպատակն է ուսանողների մոտ ձևավորել ու զարգացնել բանավեճի մշակույթն ու էթիկան:
Բանավիճում էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացնող «Լամպ» և «Լեգատի» թիմերը, իսկ բանավեճի կիզակետում «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում բխում է ՀՀ շահերից» թեման էր: Իսկ թեման ընտրվել էր վիճակահանությամբ:
Ժյուրիի կազմում էին քաղաքագետներ Հրանտ Մելիք- Շահնազարյանը, Արմեն Մինասյանը, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, պատմաբան Միքայել Մալխասյանը, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Դավիթ Մաթևոսյանը:
Բանավեճի թեմայի ՝ «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանմանը» կողմ «Լեգատի» թիմն առաջինը ներկայացրեց սեփական դիրքորոշումը: «Արցախյան հարցում ստատուս քվոյի պահպանումը խաղաղ բանակցությունների գրավական է: Այդ ստատուս քվոն հիմքն է կառուցողական բանակցությունների»,- պնդեցին թիմի անդամները: Իսկ «Լեգատի» թիմին հակադարձեց բանավեճի թեմայի պահպանմանն ընդդիմադիր կողմը. «Այն սպառում է երկրի ներքին ռեսուրսները, սպառնում արտագաղթին, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը»:
Այդուհանդերձ, ժյուրիի անդամները որոշ նկատառումներ արեցին՝ ասելով, որ արցախյան հարցում ստատուս քվոյի վերաբերյալ անհրաժեշտ էր հստակ մոտեցում ցուցաբերել:
Ի վերջո, հաղթող ճանաչվեց «Lեգատի» թիմը, որի համոզմամբ, ստատուս քվոյի պահպանումը երկարաժամկետ հեռանկարում կողմերի համար ծառայելու է իբրև կառուցողական հիմք: Համենայն դեպս, նրանց փաստարկներն ու բանավեճը վարելու հմտությունները ժյուրիի անդամներին առավել համոզիչ թվացին: