- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ
Հոկտեմբեր 11, 2022 | 17:46
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Մագիստրոսական կրթություն ստանալու և ակադեմիական հետազոտություններ կատարելու առանձնահատկությունները Միացյալ Թագավորությունում» խորագրով թեմատիկ քննարկում: Ներկաները ծանոթացան Միացյալ Թագավորության մագիստրոսական կրթական ծրագրերին և հետազոտական աշխատանքների կատարման առանձնահատկություններին:
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, Միացյալ Թագավորության կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակակիր, Էդինբուրգի համալսարանի մագիստրոս, ի․գ․թ․ Առնոլդ Վարդանյանը, ներկաներին ծանոթացնելով «Չիվնինգ» կրթաթոշակին և դրա ընձեռած հնարավորություններին, անդրադարձավ Միացյալ Թագավորությունում կազմակերպվող մագիստրոսական կրթության առանձնահատկություններին, համեմատական զուգահեռներ անցկացրեց բրիտանական համալսարաններում և ԵՊՀ-ում գործող մագիստրոսական ծրագրերի և կրթական չափորոշիչների միջև, ապա վեր հանեց ակադեմիական հետազոտությունների առանձնահատկությունները:
«Տասը տարի Երևանի պետական համալսարանում կրթություն ստանալուց հետո որոշեցի մեկնել արտերկիր՝ կրթությունս շարունակելու, աշխարհայացքի ընդլայնման և իրավագիտության բնագավառի ստանդարտների ուսումնասիրության համար, ինչպես նաև ստացածս գիտելիքներն ու փորձը Հայաստան բերելու և մեր իրավական համակարգում կիրառելու նպատակով», - նշեց Ա. Վարդանյանը:
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանը, կարևորելով այսօրինակ հանդիպումների կազմակերպումը, ասաց, որ ամբիոնի դասախոս Առնոլդ Վարդանյանը, իր փորձը ներկայացնելով համալսարանականներին, ոգեշնչման աղբյուր կդառնա նրանց համար:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Լուսինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ հանդիպումը կիրառական նշանակություն ուներ ոչ միայն իրավագիտության ֆակուլտետի, այլև մյուս ֆակուլտետների ուսանողների համար:
«Կարծում եմ՝ իրավագետների համար մտածողության սահամաններն ու վերլուծական հմտություններն ընդլայնելը, իրավական գործիքներին, Արևմտյան մշակույթին ու լեզվամտածողությանն առնչվելը նպաստելու են մի շարք հմտությունների զարգացմանը, ինչը իրավագիության մեջ անչափ կարևոր է»,- ընդգծեց Լուսինեն:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանում պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ հանդիպումներ՝ նպատակ ունենալով նպաստելու միջազգային փորձի փոխանակմանը, միջազգային կրթական համակարգերի հետ զուգահեռներ անցկացնելուն, համալսարանի կրթական ծրագրերի բարելավմանը, ինչպես նաև ուսանողների հմտությունների զարգացմանը: