- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ 1-ԻՆ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Սեպտեմբեր 12, 2018 | 17:38
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ 2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ 1-ԻՆ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի առաջին լուծարքային շրջանի արդյունքները:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց բակալավրիատի և մագիստրատուրայի լուծարքային շրջանի ամփոփագրերը:
«Լուծարքներ ունեն բակալավրիատի առկա համակարգում սովորող մոտ 2000 ուսանող, իսկ հեռակա համակարգում՝ ավելի քան 800 ուսանող,- իր ելույթում նշեց Ալեքսանդր Գրիգորյանը,- մագիստրատուրայում պարտքերի թիվը համեմատաբար ավելի քիչ է ՝ համապատասխանաբար 53 և 61 ուսանող: Ուզում եմ հիշեցնել, որ հեռացումն իրականացվում է ամեն փուլից հետո, այսինքն՝ քննաշրջանից և երկուական լուծարքներից անմիջապես հետո»:
Պրոռեկտորը նշեց, որ հիմա առաջարկվում է հեռացում կիրառել բակալավրիատի առկա համակարգում 24 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողների նկատմամբ, որոնց ընդհանուր քանակը 28-ն է, ինչպես նաև 12 կրեդիտ պարտք ունեցողների նկատմամբ, որոնց ընդհանուր թիվը 4-ն է:
«Հեռացման են ենթակա նաև այն ուսանողները, որոնք ունեն ուսման վարձերի պարտք և չունեն համապատասխան թույլտվություն դրանց վճարման ժամկետները երկարեցնելու վերաբերյալ: Այդ ուսանողները 5-ն են: Բոլոր հեռացումները կքննարկվեն դեկանների հետ»,- ասաց Ալեքսանդր Գրիգորյանը:
Ընդհանուր առմամբ, բակալավրիատի առկա համակարգից առաջարկվում է հեռացնել 37 ուսանողի: Բակալավրիատի հեռակա համակարգից հեռացման ենթակա են 21 և ավելի կրեդիտ պարտք ունեցողները՝ 26 ուսանող, 12 կրեդիտի 2-րդ փորձ չհանձնած ուսանողները՝ 14 ուսանող և ուսման վարձը չվճարած 10 ուսանող:
Նիստի ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող մեկամսյա և երկամսյա վերապատրաստման դասընթացների մասին: Դասընթացները լինելու են տարբեր ուղղություններով, որոնք իրենց մեջ ներառելու են բնագիտական և հումնատար ճյուղեր:
Նիստի ավարտին հայտարարությամբ հանդես եկավ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ով նշեց, որ հաշվի առնելով վերջին օրերին intranet.ysu.am հաշվետվողականության համակարգում աշխատանքների մուտքագրման մեծ ինտենսիվությունը՝ համակարգում աշխատանքների մուտքագրման վերջնաժամկետը երկարացվում է մինչև սեպտեմբերի 20-ը, որից հետո համակարգը վերջնական փակ կլինի բոլոր տեսակի մուտքագրումների համար՝ կապված ԵՊՀ գործունեության հաշվետվության մշակման աշխատանքների հետ:
Անի Պողոսյան