- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԴՈՑԵՆՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Հունվար 30, 2019 | 15:37
Կրթություն
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2019 թ. հունվարի 20-26-ը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Տիգրան Սարգսյանը, որպես հրավիրված մասնագետ, դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի առավել վարկանիշային բուհերի թվին դասվող Դույսբուրգ-Էսսենի համալսարանում։
Անգլերենով ներկայացված դասախոսությունների շարքը նվիրված էր ՀՀ համալիր աշխարհագրական բնութագրին՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ՀՀ-ում քաղաքային բնակավայրերի և տնտեսական համակարգի կայուն զարգացման ու տեղաբաշխման արդի վիճակին և մարտահրավերներին։ Ունկնդիրներն էին Դույսբուրգ-Էսսենի համալսարանի աշխարհագրության ամբիոնի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Դոցենտի դասախոսություններն անցան մասնակիցների ակտիվ հետաքրքրվածության և անմիջական ներգրավվածության մթնոլորտում։
«Շատ ուսանողներ, նախկինում քիչ տեղեկացված լինելով մեր երկրի վերաբերյալ, քննարկումների և հարցուպատասխանի արդյունքում սպառիչ մասնագիտական տեղեկատվություն ստացան ՀՀ բնաաշխարհագրական, սոցիալ-տնտեսական ու քաղաքաաշխարհագրական առանձնահատկությունների վերաբերյալ»,- հավաստիացրեց Տ. Սարգսյանը։
«Գերմանացի ուսանողների խնդրանքով ներկայացրի առկա փոխանակման ծրագրերը՝ մասնավորապես ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում 1 կիսամյակ տևողությամբ ուսանելու՝ արդեն առկա փորձը, հնարավորությունները և հեռանկարները»,- նշեց ԵՊՀ դոցենտը:
Այցելության ավարտին Տ. Սարգսյանը և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի աշխարհագրության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուդոլֆ Յուխելկան Էսսենի աշխարհագրության և երկրաբանության միությունում «ՀՀ համալիր աշխարհագրական բնութագիրը» թեմայով համատեղ դասախոսություն կարդացին։ Գերմանացի գործընկերների հետ քննարկվեցին նաև ԵՊՀ-ի և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի միջև ակադեմիական համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես աշխարհագրության և զբոսաշրջության թեմատիկ ոլորտներում։
Անգին Խաչատրյան