- Գլխավոր
- Նորություններ
- ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիս 20, 2019 | 19:45
Կրթություն
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցան «Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստումների ծրագրի ամփոփումը և «Սովորող ուսուցիչ-1» խորագրով գիտագործնական հանրապետական առաջին կոնֆերանսը:
Առցանց վերապատրաստումների ծրագիրն իրականացվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ասիստենտ Մերուժան Հարությունյանի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Գագիկ Աղեկյանի կողմից սոցիալական կայքերի միջոցով:
Մեզ հետ զրույցում Մերուժան Հարությունյանը պատմեց, որ ուսուցիչների առցանց վերապատրաստումներ կազմակերպելու մտահղացումը ծնվել է այն ժամանակ, երբ դեռ ամիսներ առաջ ինքը միացել է ֆեյսբուքյան խմբերից մեկին, տեղադրել տարբեր բնագավառների վերաբերյալ հոդվածներ, որոնք միանշանակ չեն ընդունվել ու տարբեր մեկնաբանությունների պատճառ դարձել. «Մենք որոշեցինք նոր խումբ ստեղծել և հրավիրել մեր համակիրներին՝ միասին քննարկելու տարբեր հոդվածներ»:
Մերուժան Հարությունյանի փոխանցմամբ, խումբն այսօր ունի ավելի քան հազար հարյուր անդամ. «Խմբում թույլատրելի են տարբեր ելույթներ, որոնք չեն պարունակում գռեհկություն, խավարամոլություն, մոլեռանդություն ու հայհոյանք: Թույլատրվում է բարբառներով գրելը: Յուրաքանչյուր անդամ իրավունք ունի գրելու իր ուզած ոճով և նախընտրած լեզվով: Խմբում քննարկվում են թեմաներ տնտեսագիտությունից, բարոյագիտությունից, երբեմն էլ իրավագիտությունից ու մաթեմատիկայից, բնագիտության բոլոր ճյուղերից և այլն»:
«Սովորող ուսուցիչ-1» խորագրով գիտագործնական հանրապետական առաջին կոնֆերանսին մասնակցում էին խմբի անդամ ուսուցիչներ, որոնք աշխատում են Երևանի և ՀՀ մարզերի տարբեր դպրոցներում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին, թե ինչպիսին պետք է լինի ուսուցիչը, ինչ քայլեր պետք է իրականացնի՝ կատարելագործվելու և գիտելիքն առավել արդյունավետ մատուցելու համար, խոսեցին նաև վերապատրաստման ծրագրերի և իրենց գործունեությունն առավել հետաքրքիր դարձնելու քայլերի մասին:
Ի դեպ, հանդիպմանը մասնակիցները ստացան հավաստագրեր՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կազմակերպած «Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստումների ծրագրին (մարտ-մայիս) և «Սովորող ուսուցիչ-1» խորագրով գիտագործնական հանրապետական առաջին կոնֆերանսին մասնակցելու համար:
Քնար Միսակյան