- Գլխավոր
- Նորություններ
- ՊԱՂԵՍՏԻՆԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Հուլիս 02, 2018 | 14:19
Ուսանողական
ՊԱՂԵՍՏԻՆԱԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ուսանողները:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովը, որի թեման այս անգամ պաղեստինաիսրայելական հակամարտությունն էր և լուծումների հնարավոր տարբերակների որոնման ուղիները:
«ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի կազմակերպման հիմնական նպատակն ուսանողների գիտելիքների, օտար լեզվի իմացության բարելավումն ու բանավիճելու հմտությունների զարգացումն է»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Լիլիթ Խաչատրյանը:
ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների, Վ. Բրույսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Հայաստանի ամերիկյան համալսարանների ուսանողներից ու շրջանավարտներից յուրաքանչյուրը խորհրդաժողովի ընթացքում թեմայի շրջանակում անգլերենով ներկայացնում է որևէ պետության դիրքորոշումն ու տեսակետները:
«Ուսանողները բավականին հետաքրքրությամբ են մասնակցում այս նախաձեռնությանը: Մասնակիցների շարքում նաև շրջանավարտներ կան, ովքեր ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն են: Մեկ մասնակից էլ ունենք գերմանական Պասաուի համալսարանից»,- փաստում է ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողով համակազմակերպիչ Տաթև Դերզյանը:
ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ, ապագա քաղաքագետ Շուշան Ավագյանն, ով խորությամբ ուսումնասիրել է հակամարտությունն ու դրանում ներգրավված կողմերի դիրքորոշումները, իր ելույթի հիմնական մեխը համարում է տարածաշրջանի կայունությունն ու լայնամասշտաբ պատերազմի կանխմանն ուղղված դրույթները:
«Նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր են ուսանողների համար, քանի որ ստիպված ես լինում խորքային ուսումնասիրություններ կատարել ու տեսակետներ կազմել որևէ կոնկրետ խնդրի վերաբերյալ: Սա մի հարթակ է, որտեղ հնարավորություն ես ստանում նաև զարգացնելու բանավիճելու հմտությունները, ինչը մասնագիտական հետագա աճի համար նույնպես շատ կարևոր է»,- ասում է Լ. Ավագյանը:
Մտացածին, բայց միևնույն ժամանակ իրականության շատ մոտ սցենարային խնդրի ու իրադարձությունների վերաբերյալ բուռն քննարկումներին և ելույթներին հետևում է բանաձևի ընդունում:
ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր: