- Գլխավոր
- Նորություններ
- ԳՐԱՔՆՆԱԴԱՏ ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Փետրվար 08, 2019 | 12:14
Հասարակություն
ԳՐԱՔՆՆԱԴԱՏ ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, գրաքննադատ Ումբերտո Էկոյի «Ներքին գրախոսություններ» շարքը հայտնի գրական գործերի յուրօրինակ մեկնաբանություններն են, որտեղ հեղինակը ծաղրում և քննադատության է ենթարկում ոչ թե գրական ավանդույթները, այլ ժամանակակից գրաքննադատներին, որոնք համաշխարհային գեղագիտական և մշակութային արժեքների գնահատման գործում պարզապես տգետ են:
«ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ». ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Աստվածաշնչի մասին խոսելիս Ումբերտո Էկոն նշում է, որ այդ տեքստը դյուրընթեռնելի է և դինամիկ. «Այստեղ կան սիրախաղ, սպանություններ, արնապղծություններ, պատերազմներ, եղեռններ, մի խոսքով` իրական ջենտլմենական վարքի սովորական մի հավաքածու»:
Ըստ Ումբերտո Էկոյի՝ հենց միայն Սոդոմում ծավալվող ռաբլեական դրվագը, կարող է մի գրքի «քաշ ունենալ», իսկ Նոյի փախուստը Եգիպտոսից համարյա թե պատրաստի կինովեպ է:
«Բայց նաև չի կարելի չնկատել այս կատարյալ կռվի հիմնական թերությունը: Ավա՜ղ: Այդ թերությունը հատվածական լինելն է,- գրում է Ումբերտո Էկոն,- համարձակվում եմ անգամ ենթադրել, որ, ըստ էության, մեր առջև ոչ թե ամբողջական հեղինակային անհատականություն է, այլ բազմաթիվ տեղերից պլոկած, տարաձև ու տարաբնույթ մեջբերումների հավաքածու: Ընդ որում` անբնական հարևանությամբ առկա են և՛ միանգամայն չպատճառաբանված հանգավորումը (երևում է` տեքստի մեջ խցկել են ինչ-որ երգեր), և՛ ձանձրալի ողբերը, որոնք ունակ են քնեցնելու»:
Հեղինակը գտնում է, որ Աստվածաշունչն ինչ-որ հավաքովի խառնուրդ է` բոլորի քիմքին դուր գալու համար, ուստի և ոչ մեկին դուր չի գա:
«Կարծում եմ՝ անիմաստ չէր լինի տնտղել հինգ (ոչ ավելի) գրքերի առանձին հրատարակման հեռանկարը: Այդպես հաջողության հնարավորությունը կմեծանար: Իսկ որպես աշխատանքային վերնագիր՝ առաջարկում եմ «Դա պատահել է Կարմիր ծովի կողմերում» վերնագիրը»,- գրում է Ումբերտո Էկոն:
«ԺՅՈՒՍՏԻՆԱ»՝ ՄԵՆՔ ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՎ ՉԵՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ
Ֆրանսիացի ազնվական, քաղաքական գործիչ, փիլիսոփա Մարքիզ դը Սադի «Ժյուստինա» սկանդալային գիրքն ընդունված է համարել համաշխարհային գրկանության «սև մարգարիտներից» մեկը:
«Ձեռագիրն ինձ հասավ այն պահին, երբ շատ ծանրաբեռնված էի,- գրում է Ումբերտո Էկոն,- առաջին տպավորությունս` փիլիսոփայական գործ` բազմաբնույթ թեմաների շեղումներով, հետո հասկացա, որ մենք գիտական հրապարակումներով չենք զբաղվում: Փիլիսոփայական գործերն ուղարկեք «Գիտությանը»»:
«ԴՈՆ ԿԻԽՈՏ»՝ ԳԻՐՔ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԳՐԱՆԴԻ ՈՒ ԻՐ ԾԱՌԱՅԻ ՄԱՍԻՆ
Իսպանացի աշխարհահռչակ գրող Սերվանտեսի «Դոն Կիխոտը» չի վերլուծել միայն ամենաալարկոտ գրականագետը: Այն դասական գրականության արվեստի գործերից է, իսպանական գրականության այցեքարտը:
«Պետք է ասել, որ Սերվանտեսն օժտված պատմիչ է,- գրում է Ումբերտո Էկոն,- հերոսի ծառան պարզամիտ մեկն է, բայց զուրկ չէ բնածին առողջ դատողությունից: Բնական է, որ ընթերցողը հեշտորեն իրեն նույնացնում է այդ ծառայի հետ, առավել ևս, որ գլխավոր հերոսի խենթությունը չի կարող չվանել: Ահա և, ըստ էության, ողջ պատմությունը»:
Գրողի բնորոշմամբ, վեպը թեպետ անհարթ է ու տեղ-տեղ դժվար ընթեռնելի, բայց նաև բավականաչափ հետաքրքիր է, բաղկացած գործողությունների անսպասելի շրջադարձներից և հյութեղ, հետաքրքրաշարժ դրվագներից:
«Մենք ունենք «Չհորինված վիպակներ» հաջողված մատենաշարը,- գրում է Ումբերտո Էկոն,- այժմ ստացել ենք մի սկսնակի` Դի Բարբերինոյի «Ֆրանսիայի թագավորական տոհմը» գրքի հայտը: Ես վստահ եմ, որ այդ գիրքը բեսթսելլեր կդառնա, և գրազ կգամ, որ այն կհավակնի «Տարվա գիրք» մրցանակին, որովհետև այդ բնույթի ընթերցանությունը հաջողություն է վայելում ժողովրդի շրջանում: Այժմ այս տեսանկյունից քննարկենք Սերվանտեսի ձեռագիրը: Մեր իսկ սեփական հրատարակչական գծի ցայտուն կեղծում: Այս վեպին զուգահեռ այն ամենը, ինչ հրատարակել ենք առ այսօր, անպատասխանատու զառանցանք է: Ստացվում է, որ ինքներս մեզ ենք քոթակում: Ու տպագիր խոսքի ոչ մի ազատություն ու բազմակարծություն արդարացում չեն կարող լինել նման մասնագիտական խարակիրիի համար»:
«ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»՝ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԲԱՐԲԱՌՈՎ ՍԻՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ
Բանաստեղծ և հասարակական գործիչ Ալիգիերի Դանթեի «Աստվածային կատակերգությունը» մինչ օրս շատ գրողների համար ոգեշնչման աղբյուր է:
Ումբերտո Էկոյի կարծիքով, այս գործը սիրողական է:
«Ալիգիերի Դանթեն դեղագործների համքարության անդամ էր և իր հոբիին տրվում էր աշխատանքից ազատ ժամանակ, - գրում է Ումբերտո Էկոն,- բայց և այնպես ստեղծագործության տեխնիկական կողմն ապահովված է և ի ցույց է դնում գրողի անվիճելի շնորհքը»:
Անխոս, գրքի շատ մասեր ընթերցվում են անթաքույց հետաքրքրասիրությամբ, բայց առաջին գիրքը կարող է ամբողջական տպավորությունը փչացնել:
«Իհարկե, շատ ափսոս է, քանի որ այդ առաջին գիրքը մեծ մասամբ փչացնում է ընդհանուր տրամադրությունը,-նշում է հեղինակը,- պետք է բուն էությանը հասնելու շատ մեծ ցանկություն ունենալ այդ մռայլ, ծանրամարս ֆանտաստիկան կարդալու համար: Հավելենք, որ հեղինակի գաղափարների մեծամասնությունը բազմիցս արծարծվել է անդրաշխարհի մասին զանգվածային հրապարակումներում և բնածին մեղքը քննարկող պարզունակ տրակտատներում»:
Բայց, ըստ հեղինակի, սա դեռ վատթարագույնը չէ: Առավել անհաղթահարելի է սկզբունքային շեշտադրումը բարբառի վրա (ինչն ավանգարդիստական հովերի արդյունք է), որն օգտագործվում է Տոսկանիայի կենտրոնական շրջանում:
«Գիրքն ինքնատիպ է այնքանով, որ սկզբից մինչև վերջ գրված է Ֆլորենցիայի գռեհիկ բարբառով ,-նշում է Ումբերտո Էկոն,- ոչ ոք չի վիճարկում, որ դեռևս բավականաչափ արտահայտչամիջոցներ կան խոսակցական լեզվում ու ժարգոնում, սակայն` բանական չափավորության պայմանով: Հակառակ դեպքում կկրկնվի «սիցիլիական քնարերգության» տխրահռչակ պատմությունը, երբ հրատարակիչը հեծանիվով անցնում էր փողոցային կրպակներով ու փորձում իրացնել ձախողված տպաքանակը»:
«Աստվածային կատակերգության» մասին իր գրախոսությունում Ումբերտո Էկոն անդրադառնում է ևս մեկ կարևոր խնդրի, որ վերաբերում է ստեղծագործության հանգավորմանը:
«Անձամբ ես դեմ չեմ հանգերին, բայց և չեմ մոռանում, որ հասարակության մեծամասնությունը գերադասում էր, գերադասում է և կգերադասի անհանգ վերլիբրը: Ուրեմն, ի վիճակի՞ է նորմալ մարդը հաղթահարել հնագույն տերցինների բարձունքը, այն էլ` Ֆլորենցիայի բարբառով»,- ընթերցողին հարցնում է Ումբերտո էկոն:
«ԿՈՐՍՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՒՄ». ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
Ֆրանսիացի նշանավոր գրող, մոդեռնիզմի ներկայացուցիչ Մարսել Պրուստի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Կորսված ժամանակի փնտրտուքներում» 7 վեպից բաղկացած վիպաշարը, 20-րդ դարի համաշխարհային գրականության ամենակարևոր ստեղծագործություններից է:
Ումբերո Էկոն գրքի գաղափարը շատ հետաքրքիր է համարում, բայց մյուս կողմից գտնում է, որ տեքստը պետք է վերամշակել:
«Տեքստը շատ երկար է, որից կարելի է փոքրածավալ մատենաշարի բավական թվով թողարկումներ անել, բայց և այնպես հաշվի առնենք, որ հարկ կլինի համարյա ամեն ինչ խմբագրել, գոնե ամբողջ կետադրությունը: Տեքստը պարբերությունների բաժանված չէ, հեղինակն անգամ նախադասությունները վերջակետով չի առանձնացրել (նախադասությունը երբեմն երկու էջ է ձգվում): Եթե ինքը չցանկանա վերամշակել, ապա չգիտեմ, թե նրա փոխարեն դա ով կանի: Սակայն առանց դրա գիրքը չի կայանա»,- գրում է Ումբերտո Էկոն:
«ԶՈՒՏ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ». ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Գերմանացի հայտնի փիլիսոփա, գիտնական Էմանուիլ Կանտի ամենահայտնի փիլիսոփայական աշխատություններից մեկը «Զուտ բանականության քննադատություն» գործն է, որի մասին Ումբերտո Էկոն գրում է.«Փիլիսոփայության բաժնի համար բարոյախոսական թեմայով գրված նման մի գրքույկը կարող է պետքական լինել որպես ուսումնական ձեռնարկ, որը կերաշխավորվի որևէ համալսարանի ուսանողներին:
Սակայն գիրքը տպագրելու որոշումից ետ է պահում այն հանգամանքը, որ գերմանական հրատարակչությունը ստիպում է նրա հետ միասին գնել նաև նախորդ գիրքը, իսկ այն երկու հսկայածավալ հատոր է»:
Ումբերտո Էկոյի կարծիքով, այդ բոլոր գրքերը, որոնք ոչ այն է արվեստի, ոչ այն է դատողության մասին են, ընթերցողը դժվար է մտապահում:
«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԵՏԵԿՏԻՎ` ՀԻՉՔՈՔՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ
Չեխ հայտնի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպն իր ուրույն տեղն ունի ընթերցասերի սեղանին:
Այդ մասին գրախոսություն գրելիս Ումբերտո Էկոն նշում է, որ գիրքը հաստատ իր ընթերցողին կգտնի, բայց մյուս կողմից գիրքն այն տպավորությունն է թողնում, կարծես հեղինակի վրա գրաքննադատության ճնշում կա:
«Ո՞ւմ են պետք այդ անհասկանալի ակնարկները, ինչո՞ւ իրենց անուններով չանվանել իրերը, հերոսներին ու գործողության վայրը: Եվ, վերջապես, ի՞նչ պատճառով է տեղի ունենում այդ «դատավարությունը»»:
Ըստ Ումբերտո Էկոյի՝ նմանատիպ գործերում միշտ պետք է ուժեղացնել «սասպենսը», հիմնավորապես պարզել մութ տեղերը, տեղայնացնել նկարագրությունները, բացահայտել տեղի ունեցածի շարժառիթները ու բերել միայն փաստեր, փաստեր ու նորից փաստեր:
«Երիտասարդ գրողները համարում են, որ ավելի պերճաշուք է գրել «մի մարդ»` «պարոն այսինչը այս վայրում և այս ժամին»-ի փոխարեն, ու երևակայում են, որ այդպես ավելի բանաստեղծական է: Աստված իրենց հետ: Եթե գործը մշակման ենթակա է, կմշակենք, հակառակ դեպքում` կմերժենք»,-գրում է Ումբերտո Էկոն:
Անի Պողոսյան