- Գլխավոր
- Նորություններ
- ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆ
Սեպտեմբեր 09, 2020 | 15:38
ԲՈՒՀԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾՈՆ
Բուհական ինքնավարությունը եվրոպական համալսարանների ինքնակազմակերպման կարևորագույն բաղադրիչներից է, որն ապահովում է որակյալ կառավարման և ակադեմիական ազատության սկզբունքների լիարժեք իրացումը:
Եվրոպայում միջնադարյան համալսարանների ստեղծմանը զուգահեռ առաջացավ նաև համալսարանական ինքնավարության անհրաժեշտությունը:
10-12-րդ դարերում եվրոպական համալսարանների ինքնավարությանը մի կողմից խոչընդոտում էր կաթոլիկ եկեղեցին (հատկապես Պապն ու եպիսկոպոսները), մյուս կողմից՝ քաղաքական ուժերն ու հեղինակությունները (իշխան, թագավոր, կայսր):
Եվրոպական համալսարանների ինքնավարության պատմության մեկնարկը տրվեց 1155 թվականին, երբ Ֆրիդրիխ Բարբարոսան օրինական ինքնավարություն շնորհեց Բոլոնիայի համալսարանին, այսպես կոչված, գիտական արտոնության միջոցով (authentica habita):
Հենց այս ժամանակաշրջանն էլ համարվում է Բոլոնիայի համալսարանի ծաղկման շրջանը, քանի որ ձեռք բերված ինքնավարությունը վերջինիս հնարավորություն տվեց ընդլայնելու դասավանդվող առարկայացանկը, մասնագիտությունների ցանկում ավելացնելու նորերը և զարգացնելու ուսուցման մեթոդները:
Համարվում է, որ Բոլոնիայի համալսարանը հենց ինքնավարության շնորհիվ է դարձել Իտալիայի լավագույն բուհը և աշխարհի ամենաազդեցիկ համալսարաններից մեկը:
Իր գոյության ընթացքում այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես Իտալիայում, այնպես էլ ողջ Եվրոպայում։
Միջնադարում ֆրանսիական համալսարաններն անկախ էին աշխարհիկ իշխանությունից, բայց գտնվում էին կաթոլիկ եկեղեցու հսկողության ներքո:
Միապետները սովորաբար չէին խառնվում համալսարանական կյանքին, բայց ամեն ինչ փոխվեց 16-րդ դարում, երբ Լուի XIV-ը որոշեց խախտել նախորդների ավանդույթը՝ իրեն վերապահելով դասախոսների նշանակման պարտականությունը, ինչի արդյունքում կաթոլիկ եկեղեցու ազդեցությունը ֆրանսիական համալսարաններում սկսեց քիչ-քիչ թուլանալ:
Լուի XV-ի օրոք եկեղեցին վերջնականապես դադարեց միջամտել ներհամալսարանական կյանքին՝ դրանով ավելացնելով կրթական կենտրոնների ինքնավարությունը:
Եվրոպական միջնադարյան բուհերում համալսարանական ինքնավարության պահանջն առաջացել էր, քանի որ արտաքին ուժերը (կաթոլիկ եկեղեցի, թագավոր) փորձում էին սահմանափակել համալսարանների գործունեությունը:
Ի տարբերություն եվրոպական համալսարանների՝ Ռուսաստանում բուհերի ինքնավարության գործընթացը սկսվեց բավականին ուշ. 1804 թվականին Մոսկվայի կայսերական համալսարանը դարձավ ինքնավար:
Համալսարանական նոր կանոնադրությունը, որը կայսերական համալսարանի համար բուհական ինքնավարություն էր սահմանում, կայսր Ալեքսանդր I-ի հայտնի բարեփոխումներից էր:
Ըստ այդ կանոնադրության՝ ստեղծվեցին կոլեգիալ կառավարման մարմիններ՝ համալսարանի խորհուրդ, ֆակուլտետների խորհուրդ և կառավարող մարմին:
Համալսարանական խորհուրդը, որը բաղկացած էր ականավոր պրոֆեսորներից, ընտրում էր ռեկտորին:
Միևնույն ժամանակ միշտ էլ ի հայտ են եկել քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք ձգտել են ճնշել կամ խոչընդոտել համալսարանական ինքնավարությանը:
1882-1897 թվականներին Կայսերական Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար է նշանակվում Իվան Դելյանովը:
Վերջինս աչքի էր ընկնում կրթական ոլորտում ծավալած և ոչ միանշանակ ընկալվող գործունեությամբ:
Իվան Դելյանովի գործունեության օրոք՝ 1884 թվականին, մտցվեց համալսարանական նոր կանոնադրություն, որը համալսարաններին զրկեց նախկին ինքնավարությունից, փակվեցին կանանց համար նախատեսված բարձրագույն դասընթացները։
1887 թ. հունիսի 18-ին Դելյանովի անմիջական մասնակցությամբ հրատարակվեց «Շրջաբերական խոհարարուհիների երեխաների մասին», որի համաձայն արգելվեց վարժարաններ ընդունել կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաներին։
Այսպիսով սահմանափակվեց ազնվական ծագում չունեցող երեխաների մուտքը գիմնազիաներ: Սահմանվեց տոկոսային չափ ուսումնական հաստատություններ ընդունվող հրեաների համար:
Այս «բարեփոխումներից» հետո Ցարական Ռուսաստանի կրթական համակարգը հետընթաց ապրեց:
20-րդ դարասկզբի հեղափոխական շարժումները վերադարձրին ռուսական համալսարաններին ինքնավարության իրավունքը և բարձրացրին նրանց հեղինակությունը: Օրինակ՝ հայտնի է, որ հեղափոխական գործունեության համար ձերբակալված առաջինկուրսեցի Վահան Տերյանը «Բուտիրկա» բանտից ազատվել է Մոսկվայի համալսարանի ռեկտորի երաշխավորությամբ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական համալսարանները նորից կորցրին իրենց ինքնավարությունը:
Հայտնի է, որ բռնապետական իշխանությունների հաստատման ժամանակ վտանգի է ենթարկվում նաև համալսարանական ինքնավարությունը, ինչի արդյունքում համալսարանները, կորցնելով ինքնուրույնությունը, սկսում են սպասարկել իշխող ուժի քաղաքական շահերին:
Գերմանիայում հաստատված նացիստական վարչակարգը ձեռնամուխ եղավ նաև համալսարաններին ինքնավարությունից զրկելու գործընթացին: Համալսարանների նկատմամբ նացիստների վարած քաղաքականության հիմնական նպատակը մարդկանց բռնի կերպով գերիշխող գաղափարախոսությունը պարտադրելն էր:
Պետական համալսարանների ղեկավար կազմում նշանակվում էին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությանը հավատարիմ և վստահելի մարդիկ, որոնց գերխնդիրը կրթական համակարգում նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը ներառելն ու ապագա սերնդին այդ գաղափարախոսությամբ կրթելն էր:
Ինչպես այդ ժամանակ բոլոր բուհերը, Բեռլինի Հումբոլդտի համալսարանը ևս չի կարողացել խուսափել նացիստական ռեժիմի բռնություններից:
Համալսարանի նորանշանակ ռեկտոր Օյգեն Ֆիշերը (Eugen Fischer) նացիստական գաղափարախոսության կրողներից էր:
1933 թ. մայիսի 10-ին նրա նախաձեռնությամբ այրվեց համալսարանի գրադարանում պահվող՝ «այլասերվածների» և ռեժիմի հակառակորդների մասին գրված շուրջ 20.000 գիրք:
Այսօր գրքերն այրելու վայրում տեղադրված է հուշարձան, որի վրա գրված են գերմանացի գրող Հայնրիխ Հայնեի տողերը. «Սա միայն նախերգանքն է. այնտեղ, որտեղ գրքեր են այրում, կայրեն նաև մարդկանց»:
Ըստ գերմանացի գիտնականների՝ 1933-1945 թթ. ընկած ժամանակահատվածում գերմանախոս երկրները կորցրել են շուրջ 3000 գիտնականների, որն ամբողջ գիտական անձնակազմի մոտ մեկ երրորդն էր:
Մեր օրերի եվրոպական համալսարաններում ինքնավարությունը համալսարանական կառավարման կարևորագույն գործոններից է:
21-րդ դարում բարձրագույն կրթության արդիականացման գործում համալսարանական ինստիտուցիոնալ ինքնավարությունը կարևորագույն գործոն է, որը հնարավորություն է տալիս համալսարաններին լավագույնս իրականացնելու իրենց առաքելությունները:
1988 թվականի սեպտեմբերի 18-ին 430 ռեկտորներ ստորագրեցին Եվրոպական համալսարանների մեծ խարտիան՝ նվիրված Բոլոնիայի համալսարանի հիմնադրման 900-ամյակին:
Ի դեպ, ԵՊՀ-ն այդ խարտիան ստորագրած բուհերից մեկն է: Հենց Բոլոնիայի համալսարանի ինքնավարությունն է սկիզբ դրել եվրոպական համալսարանների ակադեմիական ինքնավարության պատմությանը:
Ըստ Եվրոպական համալսարանների մեծ խարտիայի՝ համալսարանն ինքնավար հաստատություն է, որը ստեղծում է ակադեմիական և գիտական մշակույթ: Ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանելու համար համալսարանը պետք է ունենա բարոյական ու մտավոր անկախություն ցանկացած քաղաքական և տնտեսական ուժից՝ իրականացնելով հետազոտական ու կրթական գործունեություն:
Բազմիցս քննարկվել է համալսարանների ինքնավարության և վերջիններիս աշխատանքների արդյունավետության միջև եղած կապը՝ արձանագրելով այն փաստը, որ զարգացած երկրների համալսարաններն ունեն ինքնավարություն (աշխատակիցների ընտրությունից մինչև աշխատավարձերի չափ և կառուցվածքի ու ղեկավարության ընտրություն), քանի որ «ֆինանսական ինքնավարության և հետազոտական աշխատանքների որակի մակարդակները փոխկապակցված են» (Aghion et al. 2008: 5):
Եվրոպական համալսարանական ասոցիացիան (ԵՀԱ) տարբեր հռչակագրերով վերահաստատել է ինստիտուցիոնալ ինքնավարության որոշիչ դերը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:
2001 թ. Սալամանկայի հռչակագիրը, որով նշանավորվեց ԵՀԱ հիմնադրումը, ինքնավարությունը և հաշվետվողականությունը ճանաչել է որպես համալսարանական կառավարման կարևորագույն սկզբունք:
Ըստ այդ հռչակագրի՝ ինքնավարությունն օգնում է նաև որակի ստանդարտները բարելավելուն:
ԵՀԱ Լիսաբոնի հռչակագիրը (2007 թ.) սահմանում է ինքնավարության չորս հիմնական տեսակ՝ ակադեմիական, ֆինանսական, կազմակերպչական և մարդկային ռեսուրսների կառավարման:
Ըստ ԵՀԱ Պրահայի հռչակագրի (2009 թ.)՝ համալսարաններն ավելի մեծ ինքնավարություն և հատկապես բարենպաստ նորմատիվ-իրավական դաշտ ունենալու դեպքում լավ կծառայեն հասարակությանը՝ հնարավորություն ունենալով ստեղծելու կառուցվածքային ստորաբաժանումներ, ընտրելու և ուսուցանելու աշխատակազմին, մշակելու ակադեմիական ծրագրեր ու օգտագործելու ֆինանսական ռեսուրսներն իրենց ինստիտուցիոնալ առաքելություններին և ուղղվածությանը համահունչ:
Համալսարանների ինքնավարության կարևոր ցուցիչներից է արտաքին անդամների ներգրավվածությունը բուհի կառավարման գործընթացում:
Գոյություն ունի արտաքին անդամների նշանակման 4 մոդել:
Ըստ առաջին մոդելի՝ համալսարաններն ազատ են իրենց ղեկավար մարմիններում արտաքին անդամների նշանակման հարցում:
Էստոնիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Միացյալ Թագավորությունում բուհերն են որոշում՝ արդյոք ցանկանում են ներառել արտաքին անդամների, թե ոչ:
Երկրորդ մոդելի համաձայն՝ արտաքին անդամներն առաջադրվում են համալսարանի, բայց նշանակվում արտաքին մարմնի կողմից (Նորվեգիա, Սլովակիա և Շվեդիա):
Ըստ երրորդ մոդելի՝ արտաքին անդամների մի մասը նշանակվում է համալսարանի, իսկ մյուս մասը՝ արտաքին մարմնի կողմից (Ավստրիա, Կիպրոս, Ֆրանսիա, Իսլանդիա և Լիտվա):
Չորրորդ մոդելը սահմանում է, որ արտաքին անդամներին նշանակում է արտաքին մարմինը (Հունգարիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Իսպանիա և Շվեյցարիա):
Ըստ Եվրոպայում համալսարանական ինքնավարության գնահատման հաշվեքարտի՝ բուհերի կազմակերպչական ինքնավարության առումով Մեծ Բրիտանիան առաջատարն է. նրա բարձրագույն կրթության համակարգը բոլոր ցուցանիշներով գնահատվում է 100%: Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները բացարձակ ինքնավար են և կարող են որոշումներ կայացնել առանց պետական միջամտության:
Եվրոպայում համալսարանական ինքնավարության գնահատման հաշվեքարտն ըստ համալսարանների ինքնավարության աստիճանի առանձնացնում է 4 խումբ:
Առաջին՝ մեծապես ինքնավար խմբում ներառված են Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի համալսարանները, որոնք ունեն ինքնավարության գնահատման 80%-ից բարձր միավորներ և այդպիսով համարվում են առավելապես ինքնավար:
Նշված համալսարաններն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, ստեղծելու շահույթ հետապնդող և չհետապնդող տարբեր իրավաբանական միավորներ, իրենց կառավարման մարմիններում նշանակելու արտաքին անդամների:
Առաջին խմբի համալսարաններից ոչ մեկում գործադիր ղեկավար մարմնի կազմավորման գործընթացին պետությունը չի խառնվում: Իսկ հեռացման գործընթացը պետության կողմից կարգավորվում է միայն Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում:
Երկրորդ խմբում ներառված են Ավստրիայի, Հեսսենի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի համալսարանները, որոնք ունեն ինքնավարության գնահատման 61-80% միավորներ:
Վերոնշյալ երկրների բուհերն ակադեմիական մարմինների և ստորաբաժանումների կառուցվածքը որոշելու և շահույթ հետապնդող ու չհետապնդող իրավաբանական մարմիններ ստեղծելու տեսանկյունից բավականին ճկուն են:
Այդ համալսարանների մեծ մասը բուհի ղեկավար մարմիններում ներառում է արտաքին անդամների: Բացառություն են Լեհաստանն ու Լատվիան, որոնց համալսարաններն ինքնուրույն չեն այդ հարցում:
Ավստրիայում, Հեսսենում և Լիտվայում բուհերի ղեկավար մարմիններում արտաքին անդամների մի մասը նշանակվում է լիազոր մարմնի, մյուս մասը՝ համալսարանի կողմից: Հեսսենում խորհրդի կազմը կարող է ընդգրկել մինչև տասը արտաքին անդամ, որի կեսը նշանակվում է համալսարանի, իսկ մյուս կեսը՝ արտաքին մարմնի կողմից:
Հարկ է նշել, որ այս խմբի համալսարանները հիմնականում ինքնուրույն են որոշում կայացնում ակադեմիական և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող մարմինների ստեղծման հետ կապված:
Երրորդ խումբը ներառում է համալսարաններ, որոնք ունեն ինքնավարության գնահատման 41-60% միավորներ, գործադիր ղեկավար մարմնի նշանակման գործընթացը տեղի է ունենում բացառապես ինստիտուցիոնալ մակարդակում:
Երրորդ խմբի համալսարանները, «միջին բարձր» համախմբի հետ համեմատած, խիստ սահմանափակ իրավասություններ ունեն իրենց ղեկավար մարմիններում արտաքին անդամների ընտրության հարցում, և բոլորը, բացի Բրանդենբուրգի ու Հունաստանի համալսարաններից, ներգրավում են ոչ համալսարանական ներկայացուցիչների:
Իսլանդիայում, օրինակ, խորհուրդը բաղկացած է 11 անդամից: Խորհրդի անդամներից 5-ը արտաքին անդամներ են, որոնցից երկուսին նշանակում է նախարարությունը, իսկ երեքին նշանակում են խորհրդի մյուս անդամները:
Նշված խմբում համալսարանների իրավասությունն ակադեմիական մարմինների կառուցվածքը որոշելու հարցերում նույնպես զգալիորեն սահմանափակված է. միայն Բրանդենբուրգում, Հունգարիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում է, որ նրանք ինքնուրույն կարող են որոշել իրենց կից գործող դպրոցների, ստորաբաժանումների կառուցվածքը:
Չորրորդ՝ «ցածր» համախումբը ներառում է 40%-ից ցածր միավորներ հավաքած բարձրագույն կրթական համակարգերը (Լյուքսեմբուրգ):
Այս խմբում բուհի գործադիր ղեկավար մարմնի ընտրությունն ու հեռացումը սահմանվում են բարձրագույն կրթության մասին օրենքով:
Բայց պետք է նշել, որ թվարկված բոլոր խմբերի երկրներում ապահովված են բուհերի ողջամիտ ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը:
Անի Պողոսյան