- Գլխավոր
- Նորություններ
- «ՈՒՍԱՆՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԹԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարտ 05, 2019 | 15:30
Կրթություն
«ՈՒՍԱՆՈՂՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՐԹԻ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Վահագն Գևորգյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտության ոլորտում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի:
Վահագնը մեզ հետ զրույցում պատմում է իր հաջողությունների ու նվաճումների, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:
Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը յուրաքանչյուր տարի անցկացնում է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթը: Այն անցկացվում է 2 փուլով՝ ներբուհական և հանրապետական՝ առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով տարբեր ոլորտների ուսանողների միջև:
Այս տարի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ 15 բուհ ներկայացնող 37 ուսանող, որոնցից 8-ը սովորում են ԵՊՀ-ում: Վահագն Գևորգյանը ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Դեռևս դպրոցական վաղ տարիքից ես արդեն որոշել էի՝ կենսաբան եմ դառնալու:
2013 թ. ընդունվել եմ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ ուսանելու տարիներին ընտրել եմ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:
Բայց մինչ ԵՊՀ ընդունվելն իմ կյանքի կարևոր ձեռքբերումներից է 2013 թվականին Շվեյցարիայում անցկացված կենսաբանության միջազգային օլիմպիադայում ձեռք բերած բրոնզե մեդալը, որի համար ՀՀ ԿԳ նախարարի կողմից պարգևատրվել եմ հավաստագրով և խրախուսական նվերով:
Մեր ֆակուլտետում մթնոլորտն այնքան դրական է. դասախոսական կազմը շատ է օգնում ուսանողներին իրենց գիտական առաջընթացի համար: Առաջին կուրսում ակտիվ ուսանող եմ եղել, մասնակցել եմ ԵՊՀ-ում կազմակերպվող մի շարք միջոցառումների, սակայն տարիների ընթացքում, ավելի խորանալով մասնագիտության մեջ, սկսել եմ ավելի ակտիվ լինել գիտական աշխարհում:
Աշխարհի տարբեր երկրների գիտական ամսագրերում տպագրել եմ գիտական մի շարք հոդվածներ: Այս հարցում ինձ աջակցել են և՛ ֆակուլտետի դասախոսները, և՛ իմ ամբիոնի վարիչը: Ես այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ դեռևս երկրորդ կուրսից մեծ ոգևորությամբ աշխատում եմ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, սկզբում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես գիտաշխատող:
Ես համոզված եմ՝ ԵՊՀ-ում շատ կան լավագույն ուսանողներ, սակայն նրանք իրենց նպատակներին հասնելու համար պետք է ճիշտ ճանապարհ գծեն:
Ուսանողը պետք է իր շուրջը եղած ռեսուրսները ճիշտ օգտագործի: ԵՊՀ-ում առկա են այնքան ռեսուրսներ, որոնք մեր ուսանողները ճիշտ չեն օգտագործում: Ուսանողները դասախոսներից այնքան սովորելու բան ունեն. ուսանողը չպետք է սահմանափակվի միայն դասախոսություններով, այլ դասաժամերից դուրս պատրաստակամ դասախոսների հետ պետք է տարբեր փորձեր իրականացնի ԵՊՀ-ում գործող լաբորատորիաներում:
Հաջողության հասնելու համար մարդը պետք է հասկանա՝ ինչ է իրեն պետք, ու գծի նպատակին հասնելու ճանապարհը: Ամենակարևորն այն է, որ մարդը պետք է հաջողության հասնելու համար հաղթահարի իր մեջ եղած վախերը, ինչպես նաև աշխատասեր լինի:
Շատ ուսանողներ ավարտում են իրենց ֆակուլտետը՝ չգիտակցելով՝ ինչ են ուզում, ու ինչ է իրենց պետք: Կարծում եմ, որ յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիքից պետք է հասկանա՝ ինչ է ուզում դառնալ և ինչու, որպեսզի բուհում սովորելու տարիներին օգտագործի իրեն ընձեռված բոլոր հնարավորությունները՝ նպատակին հասնելու համար:
Նույնիսկ եթե մասնագիտական դասաժամերն ավելանան, ունենանք ավելի գերժամանակակից լաբորատորիաներ, միևնույն է, ուսանողները պետք է հասկանան, որ իրենք պետք է հարթեն իրենց ճանապարհը:
Դրա համար ուսանողը, գիտական ուսումնասիրություն կատարելուց զատ, պետք է տեղեկացված լինի նաև իր ոլորտին առնչվող աշխարհում իրականացվող ուսումնասիրություններին:
Ուսումն ավարտելուց հետո նախատեսում եմ զբաղվել գիտական աշխատանքով և տպագրել բազմաթիվ հոդվածներ: Նպատակս այն է, որ իմ ուսումնասիրությունների արդյունքները կիրառական բնույթ ունենան: Այժմ ես սնկերի կենսաքիմիայի հետ կապված ուսումնասիրություններ եմ կատարում, որոնց նպատակն է սնկերում նոր միացություններ հայտնաբերելը, որոնք էլ հետագայում հնարավոր է կիրառություն ունենան բժշկության և դեղաբանության մեջ:
Եթե կարողանամ ստեղծել դեղամիջոցներ կամ սննդային հավելումներ, որոնց շնորհիվ կփոխվի մարդկանց կյանքը, ես այն կհամարեմ մեծ հաջողություն: Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի փոքր հետազոտություններից են սկիզբ առնում կարևոր հայտնագործությունները: Գիտական իմ ուսումնասիրություններն իրականացնելու համար ես օգտագործում եմ ԵՊՀ-ում ինձ ընձեռված բոլոր հնարավորությունները:
Նադեժդա Տեր-Աբրահամյան