- Գլխավոր
- Նորություններ
- ԻՆՉՊԵ՞Ս ՏՊԱԳՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Մարտ 14, 2019 | 15:13
Գիտություն
ԻՆՉՊԵ՞Ս ՏՊԱԳՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՎԱՀՐԱՄ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր կազմակերպել էր միջազգային գիտական պարբերականներում տպագրվելու առանձնահատկությունների մասին սեմինար-քննարկում:
Սեմինարի բանախոսն էր Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոկտոր (DrPhil) Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Հանդիպմանը ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ֆակուլտետի մագիստրոսներ, ասպիրանտներ:
Ռուբեն Մելքոնյանը ողջույնի խոսքով շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ կարևորելով թեմայի ընտրությունը, քանի որ ժամանակակից աշխարհում գիտության ոլորտում մրցակցությունը պայմանավորված է նաև հեղինակավոր պարբերականներում տպագրությամբ:
«Իհարկե, մի կողմից՝ պետք չէ ֆետիշացնել պարբերականներում տպագրվելը, մյուս կողմից՝ սա այն կարևոր տարրերից է, որ ձևավորում է 21-րդ դարի գիտնականին: Եթե մենք ուզում ենք, որ մեր գիտությունը մրցակցային և մրցունակ լինի, հատուկ ուշադրություն պետք է դարձնենք միջազգային հեղինակավոր ամսագրերին և դրանցում տպագրվելու խնդրին»,- ասաց ֆակուլտետի դեկանը:
Դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, խոսելով տպագրվելու անհրաժեշտության մասին, նշեց, որ այս հարցը խնդրահարույց է, քանի որ գիտնականները ստիպված են լինում կիսել ուշադրությունը և ժամանակը՝ փորձելով համատեղել և՛ դասախոսական աշխատանքը, և՛ հոդվածներ գրելը, ինչպես նաև տպագրելու երկարատև աշխատանքը:
Բանախոսը ներկայացրեց 1996-2017 թվականներին տպագրված հոդվածները թվերով, որտեղ հստակ երևում էր հումանիտար և հասարակագիտական ճյուղերին պատկանող հոդվածների փոքր թվաքանակը՝ 15450 հոդվածից մոտ 662 հոդված:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց պարբերականների շտեմարանները և հավելվածները, որոնք հնարավորություն են տալիս գտնելու թե՛ հետաքրքրող թեմաները, թե՛ գիտնականներին:
Նա շեշտեց համապատասխան պարբերական գտնելու անհրաժեշտությունը, քանի որ կարևոր է «Impact factor»-ը՝ այն ցուցանիշը, որը ցույց է տալիս հոդվածների և ամսագրերի ազդեցությունը:
Բանախոսն անդրադարձավ նաև կեղծ գիտություն երևույթին, երբ որոշ ինքնահռչակ պարբերականներ դիմում են տարբեր գիտնականների, կապ են հաստատում նրանց հետ և առաջարկում տպագրվել: Ինչպես նշեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը, նմանօրինակ պարբերականները չեն համապատասխանում գիտական չափանիշներին, չունեն գրախոսներ, քննադատներ, հաճախ նույնիսկ տպագրում կամ առցանց հարթակում տեղադրում են ակնհայտ կեղծ, տառասխալներով հոդվածներ:
Տպագրության դիմելու ընթացքում պետք է ուշադիր լինել բոլոր չափանիշներին, քանի որ անգամ փոքր անհամապատասխանությունների դեպքում հոդվածագիրը մերժում է ստանում: Մերժում է սպասվում նաև այն դեպքում, երբ գիտնականները փորձում են նույն հոդվածը մի քանի տարբեր պարբերականների ուղարկել:
Տպագրման գործընթացը ներկայացնելիս Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ այն տևում է 6 ամսից մինչև 3 տարի: Ստացվող պատասխանները երեքն են՝ ընդունում, փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, մերժում: Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց նաև կույր գրախոսությունը, երբ հոդվածից հեռացվում է հեղինակի անունը և ուղարկվում գրախոսներին:
Նա անդրադարձավ նաև լեզվի խնդրին: Քանի որ հաճախ գիտնականները վստահ չեն, որ գիտեն համապատասխան մակարդակի անգլերեն, նրանք խուսափում են տպագրության դիմելուց: Այս խնդրի լուծումը, ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, այդքան էլ բարդ չէ, դրա համար պետք է ներգրավել անգլերեն բաժինների ուսանողներին կամ համապատասխան հանձնաժողովներ ստեղծել:
Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատմեց նաև տեխնիկական նրբությունների մասին, ինչից հետո ներկաների մասնակցությամբ հոդված ուղարկեց տպագրության՝ գործնականում ցույց տալով բոլոր քայլերը:
Մարի Ռաֆյան