- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ՄԻՇՏ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ԱՐԴԱՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Մարտ 20, 2019 | 15:23
Ուսանողական
«ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ՄԻՇՏ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ ԱՐԴԱՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ
Հայ բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Վալտեր Բերբերյանը «Հանրապետության լավագույն ուսանող-2018» մրցույթում բակալավրի կրթական ծրագրով հայագիտության ոլորտում զբաղեցրել է առաջին տեղը:
ՀՀ ԿԳ նախարարի կողմից նա պարգևատրվել է հավաստագրով և միանվագ անվանական կրթաթոշակով:
Վալտերը մեզ հետ զրույցում խոսում է իր տպավորությունների, հաջողությունների, նպատակների ու ուսանողների խնդիրների մասին:
Երախտապարտ եմ բոլոր այն դասախոսներին, որոնք ինձ դասավանդել և կրթել են։ Նրանց շնորհիվ է նաև, որ ստացել եմ այս մրցանակը։
Ինձ համար սա շատ սպասված և ուսանողական տարիներին ստացած լավագույն մրցանակն է։ Այն ինձ հեշտությամբ չի տրվել, դրա համար բավական բարդ ճանապարհ եմ անցել:
Դպրոցում ունեցել եմ բարձր առաջադիմություն և հավասարապես տիրապետել եմ բոլոր առարկաներին։ Ես կարող էի ընտրել բժշկի մասնագիտությունը ու դառնալ լավ բժիշկ, կարող էի լինել տնտեսագետ… բայց ինչ-ինչ պատճառներով ընտրեցի բանասիրությունը, ինչի համար երբեմն ափսոսում էի: Միայն այս մրցանակը ստանալուց հետո հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
Կարծում եմ, որ մեր հասարակությանը կիրթ և գրագետ մարդիկ շատ են պետք: Մեզ պետք են իսկական բանասերներ, որոնք կարող են լուսավորել մարդկանց իրենց խոսքով:
Երևանի պետական համալսարանում 2015 թ. անցկացրած դպրոցականների օլիմպիադայում արժանացել եմ 1-ին կարգի պատվոգրի։ Համալսարանն ինձ շատ գրավեց, ու այդ մրցանակը նաև խթան դարձավ, որ ես ընտրեմ ԵՊՀ-ն։
Ուսումնական գործընթացում կարևորում եմ նաև ուսանողների ակտիվությունը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամ եմ առաջին կուրսից։ Կազմակերպում ենք տարբեր կրթական միջոցառումներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ նոր հրատարակված գրքերի մասին:
Ուսումնառությանս տարիներին ակտիվ մասնակցել եմ ֆակուլտետային և ընդհանուր համալսարանական օլիմպիադաների, տարբեր մրցույթների։ Ունեմ համալսարանական պատվոգրեր, մրցանակներ։
Մոտ մեկ տասնյակ հոդվածների հեղինակ եմ, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի գիտական պարբերականներում ու ամսագրերում։
Կարևորում եմ նաև կամավորական աշխատանքը: Մի քանի հաստատություններում, կազմակերպություններում կատարել եմ կամավորական աշխատանք, որի շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ և հաստատել նոր ծանոթություններ:
Ես ցանկանում եմ, որ համալսարանում, ոչ միայն Հայ բանասիրության ֆակուլտետում, սերնդափոխություն լինի։ Շատ դասախոսներ կորցրել են ժամանակի զգացողությունը, չեն տիրապետում օտար լեզվի, համակարգչի, չեն խրախուսում, երբ ինչ-որ հարցի վերաբերյալ ներկայացնում ես քո կարծիքը, տեսակետը։ Մարդիկ միշտ պետք է ժամանակի հետ քայլեն։ Շատ դասախոսներ սահմանափակվում են միայն դասախոսություններով, սակայն կան դասախոսներ, որոնք դասից դուրս օգնում են ուսանողներին՝ ընդլայնելով նրանց հետաքրքրությունների շրջանակը: Լավ ուսանող լինելու համար պետք է ունենալ հետաքրքրությունների լայն շրջանակ:
Շատ քիչ են այն ուսանողները, որոնց իսկապես հետաքրքրում են գիտությունը և կրթությունը: Նրանց ճանապարհը խոչընդոտներով չպետք է լինի, նրանք պետք է բուհում արժևորված և գնահատված լինեն: Լավ կլիներ, որ բուհի ղեկավարությունը հանդիպում կազմակերպեր բարձր մոգ ունեցող ուսանողների հետ և լսեր նրանց անհանգստացնող հարցերը:
Ուսանողն ունի տպագրման խնդիր։ Մի շարք պարբերականներ այսօր ուսանողների գործերը և գիտական հոդվածները չեն հրատարակում՝ նույնիսկ չնայելով՝ այն արժանի է հրատարակման, թե ոչ: Օրինակ՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում ուսանողներին չեն խրախուսում, չեն ընդառաջում տպագրության հարցում: Ես նույնպես բախվել եմ այս խնդրին:
Իմ հաջողության գրավականը համբերությունն է, լուռ աշխատանքը: Համբերության ծաղիկն անապատում էլ կփթթի։
Ես երբեք տեսիլքներով չեմ տարվում, ամեն անգամ իմ առջև դնում եմ հստակ նպատակներ և փորձում իրագործել դրանք։
Մարդիկ քիչ են կարդում, ընթերցանությունն այսօր այնպես չի խրախուսվում, ինչպես առաջ:
Վալտերը մեջբերեց Ստ. Զորյանի հուշերից. «…Երկրպագուներին թիվ չկար,- հիշում է Ստ. Զորյանը։- Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները. ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում, արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց`«Մթնշաղի անուրջները»»։
Գիրք կարդալուն զուգահեռ կարևորում եմ նաև բառարաններ կարդալը, այն օգնում է հարստացնել բառապաշարը: Բառարանում բառերը քնած են և ակտիվանում են միայն խոսքի մեջ գործածվելով:
Կարևորում եմ գրադարանավարների աշխատանքը: Գրադարանավարը յուրովսանն բանալի է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ճիշտ կողմնորոշվել գրականության անհատակ ծովում, ճիշտ ընտրել գիտելիքների այն աղբյուրը՝ պայքարի հզոր զենքը, աշխատանքի անկոտրում գործիքը, որը տվյալ պահին հարկավոր է և անհրաժեշտ: Իմ հիշողությունից անջնջելի են տարեց գրադարանավարի հետևյալ խոսքերը. «Կարդալ նշանակում է «պարտք վերցնել», իսկ դրա հիման վրա հայտնագործություն կատարել՝ «վճարել պարտքը»»: Իր այս խոսքերի պատասխանը երբեք չէր ուշանում. տպագրված իմ գրվածքների առաջին ընթերցողը նա էր դառնում, կարծում եմ՝ հենց սա է գրադարանավարի նպատակասլաց աշխատանքի արգասիքը:
Իմ սկզբունքներից ամենակարևորն է միշտ առաջ շարժվել արդար ճանապարհով, կեղծ ճանապարհներ չփնտրել: Ինձ համար կարևոր են մարդկային արժեքները, այն են` համեստությունը, ազնվությունը, անկեղծությունը, մաքրությունը, բարեխղճությունը, որոնք այսօր, ցավոք, վարձատրվում են միայն վեպերում:
Իմ կյանքի կարգախոսն է: «Մի՛ արկանեք զմարգարիտս առաջի խոզաց»։ (Մարգարիտները խոզերի առաջ շաղ մի՛ տվեք)։ Կարծում եմ, որ վսեմ գաղափարների մասին չարժե խոսել անտեղյակ և նյութապաշտ մարդկանց մոտ, ովքեր անընդունակ են հասկանալու և օգտվելու։ Պետք չէ ժամանակ ծախսել, նյարդայնանալ այն մարդկանց համար, ովքեր քեզ չեմ գնահատում։
Նադեժդա Տեր-Աբրահամյան