- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ
Մայիս 27, 2019 | 16:14
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ
Պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում այսօր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը կազմակերպել էր Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի ծննդյան 50-ամյակին նվիրված hիշատակի մեծ միջոցառում:
Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ակումբի անդամները, Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի հարազատները և ընկերները:
«Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն ասաց, որ ակումբը միշտ նշում է ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծննդյան և մահվան հիշատակի օրերը. «Սա ամենադաստիարակչական միջոցառումներից մեկն է, քանի որ այսօր հավաքվել են նաև այն դպրոցի սաները, որտեղ սովորել է Վարդան Դալլաքյանը: Մենք ևս մեկ անգամ հիշում և ներկայացնում ենք նոր սերնդին Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի մարտական ուղին: Այս միջոցառումն ամենամեծ գնահատականն է հերոսի հիշատակին»:
Միջոցառմանն ազգային-ազատագրական երգերով հանդես եկան «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները, «Անուշ» օպերայից հատված կատարեց ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմենուհի Սեյրանյանը:
Միջոցառման ընթացքում ներկաներին տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի կյանքը և անցած մարտական ուղին:
Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, որը հերոսի համակուրսեցին է եղել, նշեց, որ Վարդանը շատ համեստ զինվոր էր: «Նոր սերնդի դաստիարակության գործում հերոսների հիշատակը հարգելու և մեծարելու միջոցառումները մեծ ազդեցություն են թողնում կիրթ և արդի սերունդ ունենալու գործում»,- ասաց նա:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով, Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում հաղթանակի ապահովման գործում:
«Նա եղել է Պատմության ֆակուլտետի լավագույն սաներից մեկը, որի անունով կոչվել է ֆակուլտետի լսարաններից մեկը: Առաջին կուրսից սկսած՝ նրա մեջ հայրենասիրական պոռթկումը կար, և պատահական չէ՝ երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, նա առաջիններից էր, որ մեկնեց կռվի դաշտ: 1994 թվականի հունվարի 31-ին՝ Քարվաճառի ազատագրական մարտի ժամանակ, նա կնքեց իր մահկանացուն: Այսօր մենք պարտավոր ենք հիշել մեր ազատամարտիկների հերոսական սխրանքները և նոր սերնդին դաստիարակել նրանց մարտական ոգով»,- ասաց Պատմության ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ պատահական չէ նաև այն, որ հերոսի անվան լսարանում կրթված ուսանողները ևս նույն եռանդով ու մարտական ոգով մասնակցեցին Արցախյան քառօրյա պատերազմին:
Նադեժդա Տեր-Աբրահամյան