- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փետրվար 25, 2019 | 11:46
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎԵԼՈՒ ԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված թեմաներից է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ներկայացրած «Մասնակի n-պարբերական խմբեր, հյուսվածքներ և բազմաձևություններ» գիտական ծրագիրը:
Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հանրահաշվի երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանի հետ զրուցեցինք վերոնշյալ գիտական ծրագրի հեռանկարների, նպատակների ու արդյունավետություն մասին:
Նա հայտնեց, որ հետազոտական ծրագրի կատարման ընթացքում ծրագրում են ապացուցել, որ կամայական մասնակի -պարբերական խմբի յուրաքանչյուր ոչ տրիվյալ տարրի ցենտրալիզատորը ցիկլային խումբ է, որ յուրաքանչյուր հարաբերականորեն ազատ մասնակի -պարբերական խմբի ամենաբել ռադիկալը տրիվյալ է, իսկ դրա ոչ ցիկլային ենթախմբերը (հավասարաչափ) ոչ ամենաբել են։
Փորձ կարվի նկարագրել այն հարաբերականորեն ազատ մասնակի -պարբերական խմբերը, որոնց ավտոմորֆիզմների Aut(G) խումբը կատարյալ խումբ է: «Պլանավորում ենք գտնել տրված խմբերով ծնված բազմաձևությունների և դրանց հյուսվածքներով ստեղծված բազմաձևությունների կապն աբելյան, նիլպոտենտ, վերջավոր էքսպոնենտի և այլ խմբերի դասերի համար»,-հավելեց նա:
Վ. Աթաբեկյանի խոսքով, գիտական թեմայի շրջանակում ծրագրում են նաև մի շարք հայտնի ռեկուրսիվ տրված խմբերի համար կառուցել կոնստրուկտիվ ներդրումներ վերջավոր ներկայացում ունեցող խմբերի մեջ: «Պլանավորում ենք ապացուցել, որ Բուլ-Դե Մորգանի բիկավարների բազմաձևությունը լոկալ վերջավոր է, ինչպես նաև բնութագրել զուգորդական գերնույնությամբ հանրահաշիվների բազմաձևության ազատ հանրահաշիվները»,- ասաց ամբիոնի վարիչը։
Վ. Աթաբեկյանի խոսքով, վերոնշյալ խնդիրներով զբաղվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների հետազոտական կենտրոններում։
Հետազոտական խմբի անդամներն են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Վահագն Միքայելյանը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Յուրի Մովսիսյանը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի շրջանավարտներ, ֆիզմաթ. գիտ. թեկնածուներ Ամիրջան Գևորգյանը և Հայկ Ասլանյանը:
Խմբի անդամները նշված թեմայով վերջին հինգ տարում ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում հրատարակել են 50-ից ավելի գիտական հոդված, հանդես են եկել որպես հրավիրված զեկուցող մի շարք միջազգային գիտաժողովներում։
Նադեժդա Տեր-Աբրահամյան