- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԵՐՏԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ». ԵՊՀ ԴՈԿՏՈՐ ՎԻԿՏՈՐ ՕՀԱՆՅԱՆ
Փետրվար 19, 2019 | 16:59
Կրթություն
«ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԵՐՏԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ». ԵՊՀ ԴՈԿՏՈՐ ՎԻԿՏՈՐ ՕՀԱՆՅԱՆ
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:
Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Օհանյանն աշակերտներին ծանոթացրեց «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական նոր ծրագրին:
Նա նշեց, որ 2019-2020 ուստարում ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրում գործելու է «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական նոր ծրագիրը, որը միավորում է վիճակագրական մոդելավորման, մեքենայական ուսուցման և համակարգչային գիտությունների հիմունքները:
Վ. Օհանյանի խոսքով, ծրագրի խնդիրն է սովորեցնել ուսանողներին օգտագործել մաթեմատիկական մեթոդներն և համակարգչային տեխնոլոգիաները կիրառական խնդիրներում:
Ըստ բանախոսի, կիրառական վիճակագրությունը և տվյալների գիտությունը մեթոդների և գաղափարների համախմբություն են, որը թույլ է տալիս իմաստավորելու ահռելի ծավալով տվյալներ. «Դրա հիմքում ընկած են մաթեմատիկական վիճակագրության կիրառումը, մեքենայական ուսուցումը»:
Վիկտոր Օհանյանի խոսքով, այսօր աշխատաշուկայում «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» ծրագիրը սերտած մասնագետների մեծ պահանջարկ կա. «Այսօր մի շարք ծրագրավորման ընկերություններում պահանջում են կիրառական վիճակագրության տվյալների մասին իմացություն»,- հավելեց նա:
Այս ծրագրի շրջանավարտները կկարողանան ազատ կողմնորոշվել վիճակագրական տվյալների մշակման ժամանակակից մոտեցումների և ալգորիթմների մեջ՝ ապահովելով առաջատար դիրքեր հետագա կրթության համար արդի վիճակագրության և տվյալագիտության բնագավառում:
Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի ավագ լաբորանտ Հռիփսիմե Հարությունյանն աշակերտներին ներկայացրեց հավանականության դասական սահմանումը և պատահական մեծության հասկացությունը, ինչպես նաև վիճակագրական տվյալների բնութագրիչները:
Կարևորելով բուհ-դպրոց համագործակցությունը՝ «Հերացի» ավագ դպրոցի ուսուցչուհի Լենա Ղասաբյանը նշեց, որ աշակերտները, գալով բուհ, ավելի խորքային տեղեկատվություն են ստանում համալսարանում իրականացվող կրթական ծրագրերի մասին: «Մեր դպրոցում կան տարբեր օլիմպիադաներին մասնակցող շատ աշակերտներ, որոնց շատ հետաքրքրել են մասնավորապես կիրառական վիճակագրության մասին ավելի խորքային տեղեկություններ»:
Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և վերջիններիս ուղղորդել դեպի ԵՊՀ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան