- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԻԱ-2019»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Փետրվար 22, 2019 | 15:27
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԻԱ-2019»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը «Սպուտնիկ Արմենիա» տեղեկատվական գործակալության հետ անցկացնում է ցուցահանդես, որը նվիրված է Կրասնոյարսկում այս տարվա մարտի 2-ից 12-ն անցկացվելիք «Ձմեռային ունիվերսիադիա-2019» 19-րդ համաշխարհային միջոցառմանը։
Այդ միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 50 երկրների ուսանողական թիմեր, այդ թվում՝ նաև Հայաստանից։
«Ձմեռային ունիվերսիադիա-2019»-ին նվիրված ցուցահանդեսի բացմանը ԵՊՀ-ում ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, դեկանի տեղակալ Դիանա Գազարովան,Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին և կենտրոնի այլ ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողներ:
«Ցուցահանդեսը բացվել է մի քանի օր առաջ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում: Այսօր այն տեղափոխվել է Երևանի պետական համալսարան և հետագայում շրջելու է ևս 3 համալսարաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի երիտասարդական և միջտարածքային համագործակցության բաժնի ղեկավար Սոսե Մարտիրոսյանը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։
«Համալսարանում շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել։ ԵՊՀ գրադարանի նախասրահում պարբերաբար ցուցահանդեսներ են կազմակերպվում, և այսօր հպարտ ենք ողջունել Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներին»,- ասաց պրոռեկտորը։
Նա հավաստիացրեց, որ նմանաբնույթ միջոցառումները նպաստում են ուսանողների աշխարհայացքի լայնացմանն ու խթանում նրանց ավելի լավ ճանաչելու տարբեր աշխարհագրական տարածաշրջաններ, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությանը։
Պարոն Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և խոսքը փոխանցեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։
«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Ես շատ ուրախ եմ, որ Երևանի պետական համալսարանում եմ՝ Հայաստանի գլխավոր համալսարանում»,- ասաց նա։
Սերգեյ Ռիբինսկին խոսելով «Ձմեռային ունիվերսիադիա-2019»-ի մասին՝ նշեց, որ ավելի քան 50 երկրի 300 մասնակցի թվում են նաև Հայաստանը ներկայացնող մասնակիցներ։
Նա հաջողություն մաղթեց հայաստանյան թիմին առաջիկա միջոցառմանը։
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Օլգա Լիկովան, որը ծնունդով Կրասնոյարսկից է, Սերգեյ Ռիբինսկիի խնդրանքով ճանաչողական էքսկուրսիա անցկացրեց համալսարանականների համար՝ ներկայացնելով լուսանկարները։
Միջոցառման վերջում ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց, որ այս ցուցահանդեսը գործելու է ևս մի քանի օր, և այդ ընթացքում գրադարանից օգտվող բոլոր ուսանողները լուսանկարների միջոցով այցելելու են այս գեղեցիկ բնակավայրը։