- Գլխավոր
- Նորություններ
- ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Մայիս 16, 2019 | 17:03
Հասարակություն
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Գյումրիում ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումները եզրափակեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի հոբելյանական համերգը:
Համերգը մեկնարկեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի՝ ՀՀ և ԵՊՀ օրհներգերի կատարմամբ:
Այնուհետև ներկայացվեց ԵՊՀ հիմնադրման պատմությունը, որից հետո հաղորդավարները ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին տոնական օրվա առթիվ:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված երիտասարդական երգի մրցույթում երրորդ հորիզոնականին արժանացած Գայանե Թադևոսյանի հեղինակային ստեղծագործությունը: Դրան հաջորդեց «Հոյ նազան» կատարումը:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհի Մարիցա Թիլիքյանը հանդիսատեսին ներկայացրեց «Կյանք ու կռիվ» կատարումը՝ այսկերպ հիշատակելով հայրենիքի համար կյանքը զոհած առաջամարտիկներին:
Հայրենադարձության, հայրենիքի վերաշինության կոչ հնչեցրին «Հայաստան ջան» երգով Մանան Ասիկյանը և «Արև» երգով Անի Քոչարյանը:
Հաղորդավարները հիշատակեցին ԵՊՀ-ում ուսանած անվանի հայերին, որից հետո երգչախումբը կատարեց Գյումրիի հող ու ջրից ծնունդ առած Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը բեմ բարձրացավ Սայաթ-Նովայի երաժշտության ուղեկցությամբ:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի մեներգչուհիները կատարեցին Լիլիթ Տեր-Վարդանյանի հեղինակային «Երազիդ ետևից» երգը:
Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հիման վրա գրված երգով ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբն ավարտեց համերգային ծրագիրը:
Մարի Ռաֆյան