- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ «ՇՈՒՆՉԸ» ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 09, 2022 | 23:28
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԳԻՏՈՒԹՅԱՆ «ՇՈՒՆՉԸ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում կայացավ «Ճանապարհ հարթելով կենսաբազմազանությունից դեպի կայուն կենսատնտեսություն» խորագրով եռօրյա աշխատաժողովը՝ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմի և մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի նախաձեռնությամբ։
Աշխատաժողովը բացառիկ էր նրանով, որ գերմանական «Bayer Ag» և «Microharvest» բիոտեխնոլոգիական ընկերությունների փորձագետներ դոկտոր Ռ. Կոխը և Կ. Բեկեսը Երևան էին ժամանել՝ պրոֆեսոր Անտրանիկյանի, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ իրենց փորձը կիսելու և դասախոսություններով ներկայանալու:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին բուհերի հետ համագործակցությունն ու ականավոր գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելու առաջատար փորձին։
Կարևորելով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ուսանողները, աշխատաժողովի երեք օրերի ընթացքում մասնակցելով դասախոսությունների, խմբային աշխատանքների և լաբորատոր փորձերի, ծանոթանում են գիտության և արտադրության երկխոսությանը նպաստող նախադրյալներին։
«ԵՊՀ ուսանողները բացառիկ հնարավորություն ունեն լսելու ոլորտի առաջատար պրոֆեսորների դասախոսությունները։ Հույս ունեմ, որ ուսանողներն այս երեք օրերի ընթացքում ստացած գիտելիքները կկիրառեն իրենց հետազոտություններում ու գիտական աշխատանքներում»,- ասաց Հ. Հովհաննիսյանը։
Ականավոր մանրէաբան, «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի ղեկավար Գարաբեդ Անտրանիկյանը, խոսելով ԵՊՀ-ում անցկացվող եռօրյա աշխատաժողովի կարևորությունից, ընդգծեց․ «ԵՊՀ ուսանողների մեջ մեծ ներուժ եմ տեսնում։ Այս երեք օրերի ընթացքում մենք անցկացնում ենք վերապատրաստումներ (տեսական) և հետազոտություններ (գործնական)»։
Նա հավելեց, որ համալիր նախագծերում աշխատելու համար ուսանողները պետք է հասկանան, որ այս ամենից զատ՝ շատ կարևոր է նաև հաղորդակցությունը օտարազգի գիտնականների հետ։
Գ. Անտրանիկյանը հույս հայտնեց, որ այսօրինակ համագործակցությունները շարունակական կլինեն։
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, անդրադառնալով գիտաժողովի կարևորությանը, ասաց. «ԵՊՀ-ի համար սա արդյունավետ համագործակցություն է: Այս աշխատաժողովին մենք երկու ուղղություններով ենք աշխատում՝ մեքենայական ուսուցում և կենսատեխնոլոգիաներ: Ընտրել ենք այս երկու ուղղությունները, քանի որ Երևանի պետական համալսարանում դրանք շատ զարգացած են: Երկկողմ համագործակցության շնորհիվ մեր կենսալաբորատորիաները նորարարական տեխնոլոգիաներով են համալրվում, ինչը հետազոտողների համար ստեղծում է առավել բարենպաստ պայմաններ ուսումնասիրություններ կատարելու համար»:
ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ․ Հովիկ Փանոսյանը, խոսելով աշխատաժողովի նպատակից, փաստեց․ «Ոլորտով հետաքրքրվող անձինք առաջատար մասնագետներից ստանում են կենսաշրջանառվող տնտեսության վերաբերյալ տեղեկատվություն: Այն կենսատեխնոլոգիայում արդի ուղղություն է, որում կենսաբանական օբյեկտները կիրառվում են տնտեսության ամենատարբեր խնդիրները լուծելու համար: Մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և մոտեցումներ, որոնք կբավարարեն այսօրվա աշխատաշուկայի պահանջները»։
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի աշխատակից Անի Պալոյանը, որը աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկուցմամբ, մեզ հետ զրույցում նշեց․ «Նպատակ ունենք ուսանողներին առավելագույնս մասնակից դարձնելու գիտությանը, գիտության մեջ իրականացվող աշխատանքներին: Աշխատաժողովի ընթացքում ուսանողները, բացի տեսական գիտելիքներից՝ սովորում են լաբորատորիայում աշխատել և գնահատել իրենց ստացած արդյունքները»։
Հավելենք, որ աշխատաժողովն անցկացվեց ԵՊՀ-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») համագործակցությամբ գործող «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։